Սա նվազագույնն է, որ կարող ենք նրանց համար անել. Հայ աստղերը այցելել են հիվանդ երեխաներին (ֆոտո)

17:40   26 դեկտեմբերի, 2017

Ծանր հիվանդությունների դեմ պայքարող երեխաները դրական էմոցիաների կարիք շատ ունեն, քանի որ ամբողջ օրն անցկացնում են հվանդասենյակում: Նրանց ժամանակ առ ժամանակ այցելելը եւ ոչ մեծ նվերներ տալը այն վնազագույնն է, որ նրանց համար կարող են անել մեծահասակները, պնդում է հայ երգիչ, շոումեն եւ կոմիկ Արամ MP3-ն:

«Սա նվազագույնն է, որ կարող ենք նրանց համար անել: Եթե մեզ տեսնելով՝ երեխաներն ուրախանում են, մենք պետք է ավելի հաճախ այստեղ գանք, քանի որ դրական էմոցիաները երեխաների համար օգտակար են»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:

Հայկական շոու բիզնեսի մյուս աստղերի հետ Արամ MP3-ն այսօր՝ դեկտեմբերի 26-ին, այցելել է «Մուրացան» բժշկական կենտրոնի քիմիաթերապիայի բաժանմունքում բուժում ստացող երեխաներին: Ձմեռ պապի, Ձյունանուշի, ուրախ ծաղրածուների եւ հայտնի մուլտֆիլմերի հերոսների ուղեկցությամբ նրանք շփվել են երեխաների հետ եւ նրանց նվերներ բաժանել:

Հայ հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը (Մկո) այսօր բուժվող երեխաների մեծամասնության հետ առաջին անգամ չի շփվում. նրա խոսքով՝ ինքն այս հիվանդանոցում հաճախ է լինում եւ շատերին արդեն անունով է ճանաչում, որոնց համար անվանական նվերներ էր պատրաստել: Նրա խոսքով՝ ինքը չգիտեր, թե այս երեխաները հատկապես ինչ նվերներ կցանկանային, բայց փորձել է այնպիսի նվերներ ընտրել, որոնք, իր կարծիքով, նրանք կհավանեին:

«Նույնիսկ եթե մեզ համար դա դժվար է, մենք պետք է ամբողջ ժամանակ ժպտանք, որպեսզի մյուսների մեջ դրական էմոցիաներ արթնացնենք»,- ասաց դերասանը:

«Մուրացան» ԲԿ քիմիաթերապիայի կլինիկայի ղեկավար Արմեն Ավագյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս բաժանմունքում տարեկան բուժում է ստանում մոտ 25-30 երեխա: Այսօրվա դրությամբ՝ բաժանմունքում 7 երեխա կա, եւ նրանք բոլորն այստեղ բավական երկար ժամանակ են անցկացրել. ոմանք մի քանի ամիս են բուժվում, մյուսներին անհրաժեշտ է բուժել 1 տարի կամ գուցե ավելի երկար:

Բժշկի խոսքով՝ այս երեխաների մեծ մասը ամանորյա տոները հիվանդանոցում կանցկացնի: Իսկ այսօրվա նման անակնկալները նրանց կօգնեն իրենց ավելի լիարժեք զգալ, զգալ, որ նույնիսկ հիվանդանոցում լինելով՝ նրա պատերից դուրս ընթացող կյանքից չեն կտրվում:



© NEWS.am Medicine