Գիտնականները ցրված սկլերոզի հետեւանքով վնասված նյարդերի բուժման նոր մոտեցում են առաջարկել

13:28   28 դեկտեմբերի, 2017

Ցրված սկլերոզը աուտոիմունային հիվանդություն է, որը վնասում է գլխուղեղի եւ ողնուղեղի նյարդային մանրաթելերը: Քալիֆորնիայի համալսարանից գիտնականները պնդում են, որ հիվանդության առանձին ախտանիշների համար պետք է բուժման հատուկ մեթոդներ ընտրել: Օրինակ՝  ողնուղեղի աստրոցիտներում էքսպրեսիայի գեների մակարդակի բարձրացումը, որոնք կապված են խոլեստերինի սինթեզի հետ, նպաստում է շարժողական նյարդերի վերականգնմանը:

Մասնագետները հետազոտություն են կատարել մկների վրա, որի ընթացքում աստրոցիտներն ուսումնասիրել են գլխուղեղի եւ ողնուղեղի տարբեր հատվածներում, որոնք կապ ունեն քայլելու, տեսողության եւ կոգնիտիվ ֆունկցիաների հետ: Գիտնականները համեմատել են տարբեր խանգարումներին համապատասխանող հատվածներում գեների էքսպրեսիայի մակարդակները: Քայլելու գործընթացում առանցքային դեր ունեցող ողնուղեղում հետազոտողները խոլեսետերինի սինթեզի հետ կապված գեների էքսպրեսիայի նվազում են հայտնաբերել: Աստրոցիտներում սինթեզվող խոլեստերինը հարկավոր է միելինային թաղանթի եւ սինապսների (նեյրոնների միջեւ միացությունների) ստեղծման համար:

Հետազոտողների խոսքով՝ ցրված սկլերոզի ժամանակ միելինային թաղանթի եւ սինապսների քայքայումը առաջանում է բորբոքման հետեւանքով: Գեների էքսպրեսիայի նվազումը, որը կապված է խոլեստերինի սինթեզի հետ, բացատրում է, թե ինչու սինապսները եւ միելինային թաղանթները չեն վերականգնվում:

Գիտնականները դեղամիջոց են կիրառել, որը բարձրացրել է նշված գենի էքսպրեսիան: Դրա շնորհիվ կրծողները սկսել են ավելի լավ քայլել: Գիտնականները նշել են, որ մոլեկուլյար մեխանիզմները, որոնք ընկած են տարբեր ախտանիշների հիմքում,  ավելի արդյունավետ են այն մեխանիզմներից, որոնք ուղղված են խանգարումների հանրագումարին:



© NEWS.am Medicine