Ինչո՞ւ է զարգանում նիկոտինային կախվածությունը եւ ինչպես

10:41   30 դեկտեմբերի, 2017

Նիկոտինային կախվածությանը նպաստում են ուղեղի բջիջների աշխատանքում տեղի ունեցող փոփոխությունները, պնդում են Ռոքֆելերի համալսարանի մասնագետները: Նրանց խոսքով՝ նիկոտինը ռեցեպտորներին է միանում ամբողջ ուղեղում: Արդյունքում՝ նեյրոնները սկսում են տարբեր նեյրոհաղորդիչներ արտադրել՝ ներառյալ դոֆամին, որը հաճույքի զգացում է առաջացնում

Գիտնականները փորձել են գտնել ուղեղի այն բջիջները, որոնք միավորման ռեակցիայի պատասխանն են փոխանցում: Ուշադրության կենտրոնում են հայտնվել ինտերպեդունկուլյարային կորիզի  եւ էպիթալամուսի միջնային ծնկաձեւ մարմնի բջիջները: Մկների վրա կատարած փորձերը (որոնց 6 շաբաթ նիկոտինով ջուր են տվել) ցույց են տվել ինտերպեդունկուլյարային կորիզի  առանձին նեյրոնների աշխատանքի փոփոխությունները: Այս փոփոխված բջիջները կոչվել են Amigo1: Հենց դրանք են նպաստել նիկոտինային կախվածության զարգացմանը՝ էպիթալամուսի ծնկաձեւ մարմնի եւ ինտերպեդունկուլյարային կորիզի միջեւ կապերի խախտման պատճառով:

Նորմայի դեպքում ծնկաձեւ մարմինն արձագանքում է նիկոտինին՝ հատուկ ազդանշան ուղարկելով կորիզին եւ դրանով նվազեցնելով պարգեւատրվելու զգացումը: Սա անմիջապես կրճատում է նիկոտինին ձգտումը: Սակայն նիկոտինի մշտական օգտագործման դեպքում Amigo1 բջիջները սկսում են միջամտել նկարագրված պաշտպանական մեխանիզմի աշխատանքին: Դրանք 2 միացություն են արտադրում, որոնք կանգ ազդանշանի դեպքում նվազեցնում են կորիզի ռեակցիայի ուժը: Այսինքն՝ տեղեկությունը հասցեատիրոջը պարզապես չի հասնում, եւ մարդու մոտ կախվածություն է առաջանում:



© NEWS.am Medicine