Կինը երկվորյակ է ունեցել օրացուցային տարբեր տարեթվերին (վիդեո)

13:37   3 հունվարի, 2018

Քալիֆորնիայի Դելանո քաղաքում երկվորյակներ Աիտանա դե Խեսուսը եւ Խոակինը ծնվել են ընդամենը 18 րոպե տարբերությամբ, սակայն օրացուցային տարբեր տարեթվերին: Տղան ծնվել է 2017 թվականին, իսկ երկվորյակ քույրը՝ արդեն 2018-ին:

Խոակին Օլիվերես կրտսերը ծնվել է դեկտեմբերի 31-ին՝ կեսգիշերից ուղիղ 2 րոպե առաջ. նա դարձել է 2017-ին Քերն շրջանում ծնված վերջին երեխան: Իսկ նրա քույր Աիտանա դե Խեսուս Օլիվերեսը ծնվել է արդեն հունվարի 1-ին՝ նոր տարին սկսվելուց 16 րոպե հետո:

Օրացուցային տարբեր տարեթվերին ծնված երկվորյակ զույգը դարձել է նոր տարվա առաջին արտասովոր իրադարձությունը: Սա բավականին հազվադեպ պատահող իրադարձություն է, քանի որ երեխայի ծնվելու ժամանակը ակնհայտորեն անկանխատեսելի է, եւ նման իրադարձության կրկնվելու համար անհրաժեշտ է բավականին շատ ազդող գործոնների համընկնում:

Բժիշկ Սեյեդ Թամջիդին, որը ընդունել է երկվորյակների ծնունդը, նշել է, որ չնայած իր ավելի քան 30-ամյա ստաժին, մինչեւ հիմա իր պրակտիկայում համանման ոչ մի բան տեղի չէր ունեցել:

Հետաքրքիր է, որ երկվորյակների մայրիկը՝ Մարիա Ֆլորեսը, ծննդաբերությանը չէր սպասում Ամանորից առաջ գիշերը. նա կարծում էր, որ մինչեւ երեխաների ծնունդը դեռեւս նվազագույնը 2 շաբաթ կա: Երբ նրա մոտ երկունքի ցավերն սկսվել են, նա աշխատավայրում էր, որտեղից նրան շտապ ծննդատուն են տեղափոխել:

Երկվորյակներն առողջ են եւ էներգիայով լեցուն: Բարեգործական հիմնադրամները եւ պարզապես բարի մարդիկ նրանց ընտանիքին ավելի քան 3 հազար դոլար են նվիրաբերել:



© NEWS.am Medicine