Ոստիկանության ծառայողը իր լյարդի մի մասը նվիրաբերել է անծանոթ երեխային

13:27   4 հունվարի, 2018

ԱՄՆ Նյու Հեմփշիր նահանգի ոստիկանության ծառայող 40-ամյա Սթիվեն Թենին իր լյարդի մի մասը նվիրաբերել է 9 ամսեկան անծանոթ մի աղջկա, որը մի քանի օրվա ընթացքում կմահանար առանց լյարդի փոխպատվաստման:

Փոքրիկ Սլոուն Ջեյմսը առողջ երեխա էր, սակայն մի օր նրա մաշկը սկսել էր դեղնել, իսկ որովայնը այտուցվել: Անհանգստացած ծնողները նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ախտորոշվել է բիլիար ատրեզիա` հազվադեպ հիվանդություն, որը ախտահարում է նորածին երեխաներն եւ լյարդի ձախողման է հանգեցնում:

Երբ աղջիկը հայտնվեց հիվանդանոցում, նրա մոտ արդեն 4 փուլի լյարդային անբավարարություն էր ախտորոշվել: Բժիշկները բացատրել են աղջկա ծնողներին, որ առանց լյարդի փոխպատվաստման աղջիկը կմահանա առավելագույնը 2 շաբաթից:

Աղջկա հարազատների շրջանում համապատասխան դոնոր չէր գտնվել: Մի քանի օր շարունակ ծնողները սպասել են համապատասխան մահացած դոնորի հայտնվելու, սակայն աղջկա վիճակը ամեն ժամի հետ սկսել էր վատթարանալ, եւ ծնողներն ու բժիշկները հասկացել էին, որ նա երկու շաբաթ էլ հնարավոր է չապրի:

Սլոունի ծնողները՝ Սառան եւ Քրիսը ֆեյսբուքյան իրենց էջում գրել են, որ իրենց աղջկան լյարդի դոնոր է անհրաժեշտ, այլապես նա կմահանա: Լեյտենանտ Ստիվեն Թենին տեսել է նրանց գրառումը, եւ քանի որ նրա մոտ նույն արյան խումբն էր, ինչ Սլոունինը, նա դիմել է Lahey Hospital and Medical Center բժշկական կենտրոն եւ հայտնել, որ պատրաստ է տալ իր լյարդի մի մասը:

Մեկ շաբաթվա ընթացքում լեյտենանտին զննել են, որից հետո որոշում է կայացվել իրականացնել փոխպատվաստումը: Սեպտեմբերի 8-ին Lahey Hospital-ում ոստիկանության ծառայողի լյարդի հինգերորդ մասը վիրահատությամբ հանվել եւ անմիջապես տեղափոխվել է Boston Children's Hospital, որտեղ էլ փոխպատվաստել են աղջկան:

Սլոունին եւ Ստիվեն Թենին առաջին անգամ հանդիպել են փոխպատվաստումից մի քանի շաբաթ անց:

Ոստիկանը այժմ լավ է զգում իրեն, իսկ աղջիկը, ըստ բժիշկների, դեռ մեծ ճանապարհ պիտի անցնի: Նրա մոտ փոխպատվաստված օրգանի մերժման որոշ նշաններ են ի հայտ եկել, բայց նրա ապագայի եւ հնարավոր կազդուրման մասին դեռեւս վաղաժամ է եզրակացություններ անել:



© NEWS.am Medicine