Ո՞ր մթերքների եւ դեղերի հետ չարժի ալկոհոլը համադրել

11:40   5 հունվարի, 2018

Առողջության համար վտանգավոր է ոչ միայն ալկոհոլի ավելցուկային քանակությունը, այլեւ դրա սխալ համադրումը սննդամթերքի եւ դեղերի հետ: Ալկոհոլն ինչի՞ հետ չի կարելի համադրել:

Հակաբիոտիկներ

Մասնագետների խոսքով՝ սպիրտայինի եւ հակաբիոտիկների համադրությունը չափազանց անցանկալի է: Բանն այն է, որ ալկոհոլը նվազեցնում է հակաբիոտիկների արդյունավետությունը, նաեւ հարված է հասցնում լյարդին, որը հակաբիոտիկների ընդունման հետեւանքով առանց այն էլ ուժեղացված ռեժիմում է աշխատում:

Անալգետիկներ

Սպիրտային խմիչքները չարժի համադրել նաեւ անալգետիկների՝ ցավազրկող դեղերի հետ: Այս կանոնը խախտելու դեպքում կարող եք առաջացնել լյարդի ծանր ախտահարում:

Հանգստաբերներ

Ցանկալի չէ ալկոհոլը համադրել հանգստաբերների եւ քնաբերների հետ. նման համակցությունը կարող է շարքից հանել կենտոնական նյարդային համակարգը: Նման խանգարման հետեւանքը ուղեղում շնչառական կենտրոնի դիսֆունկցիան է, որը կարող է բերել շնչարգելության եւ սրտի կանգի:

Սրտի դեղեր

Ալկոհոլային խմիչքները չպետք է համադրել նաեւ սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների դեպքում նշանակված դեղերի հետ: Հակառակ դեպքում հնարավոր է ճնշման կտրուկ անկում հրահրել՝ այս պրոցեսի հետ կապված բացասական բոլոր հանգամանքներով (սրտխառնոց, ուշաթափություն, երիկամային անբավարարություն):

Էներգետիկ ըմպելիքներ

Ճնշման կտրուկ տատանումներ կարող են գրանցվել այն դեպքերում, երբ ալկոհոլը միախառնվում է էներգետիկ ըմպելիքներին: Նման համադրության առաջացրած այլ տհաճ հետեւանքներից են՝ գլխուղեղի անոթների սպազմները, ջղաձգումները, լյարդի ախտահարումը:

Քաղցր եւ յուղոտ կերակուր

Մասնագետները խորհուրդ չեն տալիս ալկոհոլն օգտագործել քաղցր կամ յուղոտ կերակուրի հետ. քաղցրի (նույնիսկ մրգերի) հետ համադրելու դեպքում ալկոհոլն օրգանիզմի կողմից ավելի դանդաղ է յուրացվում, ինչն ուժգնացնում է նրա տոքսիկ ազդեցությունը, հատկապես լյարդի վրա: Նույն պատճառով խորհուրդ չի տրվում ալկոհոլային խմիչքից հետո յուղոտ սնունդ ուտել:



© NEWS.am Medicine