Բնածին ստոծանիական ճողվածքով 12-ամյա տղային երրորդ անգամ են վիրահատել (վիդեո)

14:16   5 հունվարի, 2018

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարվել է աղեգալարների արտանկմամբ Բոգդալեկի ճողվածքի բուժման վիրահատություն: 12-ամյա հիվանդը, որի մոտ առկա էր բնածին ստոծանիական ճողվածք, 2 անգամ վիրահատվել է. առաջին անգամ՝ ծնվելուց անմիջապես հետո, երկրորդ անգամ՝ վեց տարեկանում: Ինչպես հաղորդվում է «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի Facebook-յան էջում, 6 տարեկանում ռեցիդիվի պատճառով նա ուրիշ կլինիկայում է վիրահատվել, եւ վիրաբույժի խոսքով՝ վիրահատության ժամանակ ցանց է տեղադրվել: Սակայն 12 տարեկանում տղան եւս մեկ վիրահատության անհրաժեշտություն ունեցավ, որը կրկին «Սուրբ Աստվածամայր» կլինիկայում են կատարել, սակայն վիրահատության ժամանակ վիրաբույժները ցանց չեն հայտնաբերել:

«2017 թվականի դեկտեմբերի 6-ին «Սուրբ Աստվածամայր» ԲԿ կրծքային վիրաբուժական բաժանմունք ընդունվեց 12 տարեկան տղա:

Երեխայի մոտ ծնվելուց հետո ախտորոշվել էր ստոծանիական ճողվածք, ինչի կապակցությամբ նորածին հասակում վիրահատվել էր «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում, կատարվել էր միջային լապարոտոմիա ստոծանու պլաստիկա: 6 տարեկանում դիտվել էր ստոծանիական ճողվածքի ռեցիդիվ (կրկնություն), ինչի կապակցությամբ վիրահատվել էր այլ կլինիկայում, կատարվել էր լապարոտոմիա ձախ թուլակողում, ստոծանու պլաստիկա: Ըստ վիրահատող վիրաբույժի ստոծանու դեֆեկտի շրջանում տեղադրվել էր սինթետիկ նյութից ցանց:

Դիմելուց մոտ 2 ամիս առաջ երեխայի մոտ դիտվել էր ծանրության զգացողություն էպիգաստրալ շրջանում, այրոց, սրտխառնոց, բերանից տհաճ համ եւ հոտ, դյուրհոգնելիություն, հազ:

2017 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 8-ը ստացել էր կոնսերվատիվ բուժում` եռկոմպոնենտ էռադիկացիոն թերապիա, «Մուրացան» ԲԿ մանկաբուժական բաժանմունքում H. pylori–ասոցացված ստամոքս-աղիքային պաթոլոգիայի (էնդոսկոպիկ` ՏՄԱ կոճղեզի լրիվ էրոզիա, դիֆուզ ռեֆլյուքս, ֆիբրոզ էզոֆագիտ, մակերեսային գաստրիտ) կապակցությամբ:

2017 թվականի նոյեմբերի 3-ին այլ կլինիկայում կատարվել էր կրծքավանդակի ԿՏ քննություն՝ ստոծանու ձախ գմբեթի Բոգդալեկի ճողվածք աղեգալարների արտանկմամբ, թոքային հյուսվածքում օջախային եւ ինֆիլտրատիվ փոփոխություններ չեն հայտնաբերվել, որովայնի խոռոչի պարենքիմատոզ օրգաններում պաթոլոգիա չի հայտնաբերվել:

2017 թվականի դեկտեմբեր 8-ին երեխան վիրահատվեց: Կատարվեց ձախակողմյան թորակոսկոպիա մեկ 10 մմ-ոց եւ երկու 5 մմ-ոց տրոակարների միջոցով: Ստոծանու հետին կողմնային հատվածում հայտնաբերվեց ճողվածքը ճողվածքապարկով: Կատարվեց աղեգալարների եւ ճարպոնի անջատում ճողվածքապարկի պատերից, ճողվածքապարկի հեռացում եւ ստոծանու պլաստիկա սեփական հյուսվածքներով: Սինթետիկ նյութ (ցանց) չհայտնաբերվեց: Պլեւրալ խոռոչը դրենաժավորվեց: Վիրահատությունն անցավ առանց բարդությունների, հետվիրահատական շրջանը՝ հարթ: Դրենաժը հեռացվեց հետվիրահատական 3-րդ օրը:

2017 թվականի դեկտեմբերի 13-ին երեխան դուրս գրվեց առողջացումով»,- ասված է «Սուրբ Աստվածամայր» մանկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջում։



© NEWS.am Medicine