Երեւանի ստացիոնարներում մոտ 360 երեխա բուժում է ստանում

18:59   6 հունվարի, 2018

Ներկայումս Երեւանի ստացիոնարներում մոտ 360 երեխա բուժում է ստանում՝ հիմնականում 0-ից 2 տարեկան փոքրիկներ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի շնչառական ու հատուկ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի ղեկավար Լիանա Թորոսյանը:

Նա հավելել է, որ ստացիոնարներում բուժում ստացող երեխաների թվում չկան ծանր հիվանդներ եւ դինամիկան դրական է:

«Եթե դեկտեմբերին մենք գործ ունեինք գրիպի վիրուսի հետ, ապա այսօրվա վիճակը պայմանավորված է ռեսպիրատոր-սցինտիցիալ վիրուսներով եւ նրանց նկատմամբ հատկապես զգայուն են երեխաները», - ասել է նա: Մասնագետի խոսքով, քանի որ տոնական օրերին պոլիկլինիկաները լրիվ ծանրաբեռնվածությամբ չեն աշխատել, հիմնական ծանրաբեռնվածությունն ընկել է հիվանդանոցների վրա:

«Եթե նայենք վիճակագրությանը, ապա ստացիոնար դիմածների միայն 10 տոկոսն է ենթակա հոսպիտալացման, մյուսները ամբուլատոր օգնության կարիք ունեն», - ասել է նա:

Երեխաները հոսպիտալացվել են հիմնականում սուր շնչառական վիրուսային վարակների բարդություններով՝ բրոնխիտով, բրոնխիոլիտով, օբստրուկցիայով, կան նաեւ թոքաբորբի դեպքեր: Երեխաները հոսպիտալացվում են նաեւ բարձր ջերմությմաբ:

Փորձագետի խոսքով՝ հանրապետության մարզերում իրավիճակն ավելի բարվոք է, քան Երեւանում, քանի որ մայրաքաղաքում մի շարք պատճառներով հիվանդությունների դեպքերը միշտ բարձր են: Հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Երեւանի մի քանի մանկական հիվանդանոցների եւ բժշկական կենտրոնների վրա, որտեղ կան մանկական բաժանմունքներ:

Լիանա Թորոսյանը հավելել է, որ այս իրավիճակը բնական է այս սեզոնի համար եւ խուճապի պատճառ չկա: Նախորդ տարիներին եղել են եւ ավելի բարդ իրավիճակներ, օրինակ, 2015 թվականի սկզբին, երբ հիվանդանոցներում կային նաեւ շատ մեծահասկաներ:

Մասնագետի խոսքով՝ դպրոցների եւ մանկապարտեզների փակման մասին դեռ խոսք լինել չի կարող, դրա համար չկան ցուցումներ, քանի որ հիմնականում հիվանդացել են ամենափոքր տարիքի երեխաները:

Լիանա Թորոսյանը հիշեցրել է, որ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը ամենօրյա մոնիթորինգ է իրականացնում եւ հետագա որոշումները կընդունվեն ըստ իրավիճակի:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ամանորյա տոների ընթացքում երեւանյան հիվանդանոցներ են ընդունվել մեծ թվով երեխաներ գրիպով եւ ՍՇՎ-ով: Լիանա Թորոսյանի տվյալներով՝ հունվարի 4-ին Երեւանի ստացիոնարներում մինչեւ 14 տարեկան մոտ 400 երեխա բուժում է ստացել:



© NEWS.am Medicine