Ի՞նչ անել, եթե տոներից հետո աշխատելու ցանկություն չունեք

13:32   8 հունվարի, 2018

Երկարատեւ տոներից հետո աշխատանքի վերադառնալը, որպես կանոն, դժվար է, նույնիսկ եթե մարդն իր աշխատանքը սիրում է: Իսկ եթե աշխատանքի հանդեպ առանձնահատուկ սեր չի տածում, աշխատանքային առաջին օրը մարդու մոտ ուժեղ սթրես է առաջացնում, եւ նա ամենեւին չի ցանկանում աշխատել: Անուամենայնիվ, ի՞նչ անել նման դեպքում: Հոգեբան Խաչատուր Գասպարյանը այդ մասին մի քանի խորհուրդներ է տալիս:

Հանգստություն

Չարժի անմիջապես աշխատել սկսել ու ուժեղ ծանրաբեռնվել: Տրամադրվեք, որ մի քանի օր կպահանջվի մինչեւ տոներից հետո կրկին վարժվեք աշխատանքային գրաֆիկին: Շատ կարեւոր է աշխատանային առաջին օրը շատ չծանրաբեռնվել. հոգեբանը խորհուրդ է տալիս օրվա մեջ մի քանի անգամ շեղվել, հիմնականում հաճելի, չհոգնեցնող հանձնարարություններ կատարել, չլարվել:

Ազատվել

Ամանորյա տոներից հետո աշխատանքային առաջին օրը որոշ մարդկանց մոտ աշխատանքից ազատվելու անհաղթահարելի ցանկություն է առաջանում: Նման որոշում կայացնելու հարցում չարժի շտապել. հոգեբանը խորհուրդ է տալիս ազատվելու մասին առաջին 7 օրերին չմտածել: Եթե մեկ շաբաթ հետո ազատվելու ցանկությունը չանցնի, այդ ժամանակ արդեն կարելի է այս մասին ավելի լուրջ մտածել:

Փող

Աշխատանքի գնալու եւս մեկ խթան է փողը, նշում է հոգեբանը: Մարդկանց տրամադրությունը միշտ բարձրացնում են աշխատավարձն ու հոնորարները, եւ եթե աշխատել չեք ցանկանում, կարելի է մտածել աշխատավարձի մասին, որը կսպասի ամսվա վերջին:

Հարաբերություններ

Հոգեբանի խոսքով՝ աշխատավայրում շատ բան է կախված գործընկերների եւ ղեկավարության հետ հարաբերություններից. եթե լավ հարաբերություններ ունեք, տոներից հետո աշխատանքի վերադառնալն ավելի հեշտ կլինի: Եթե գործընկերներն ու ղեկավարները մարդուն լավ են վերաբերվում, եթե մարդն իր հանդեպ հարգալից վերաբերմունք եւ աջակցություն է զգում:

«Մարդկանց համար անչափ կարեւոր է զգալ, որ իրենց գնահատում են եւ ընդունում,- նշում է հոգեբանը: - Բոլոր ղեկավարներին խորհուրդ եմ տալիս իրենց ենթականերին միայն դրական տրամադրվածություն փոխանցել, նրանցից յուրաքանչյուրին ցույց տալ, որ նրանք կարեւոր են: Դա աշխատանքի համար օգտակար կլինի, դե աշխատակիցներն էլ ուրախությամբ կվերադառնան աշխատանքի»:



© NEWS.am Medicine