Գիտնականները կոխլեար իմպլատների հզորությունը մեծացնելու միջոց են գտել

20:34   26 ապրիլի, 2014

Ավստրալացի հետազոտողները փորձում են կոխլեար իմպլանտների հզորությունը մեծացնելու նոր միջոց գտնել: Նրանք գենային թերապիայի կիրառմամբ տեխնոլոգիան փորձարկել են խուլ կենդանիների վրա եւ հայտնաբերել, որ նրանց լսողությունը լավանում է, հաղորդում է Fox News-ը:

Սովորաբար ներքին ականջի խխունջ կոչվող հատվածում գտնվող մանր մազմզուկային բջիջները ընկալում են օդի տատանումները եւ դրանք ձեւափոխում են էլեկտրական ազդակների, որոնք գլխուղեղը որպես ձայն է ընկալում: Խլություն առաջանում է, երբ մարդը զրկվում է այդ մազմզուկային բջիջներից ծերացման, աղմուկի աղդեցության կամ ուրիշ այլ պատճառներով:

Կոխլեար իմպլանտատները փոխարինում են պակաս մազմզուկային բջիջները՝ գլխուղեղում լսողական նյարդը անմիջապես ակտիվացնող էլեկտրական ազդակներ ուղարկելով: Այս իմպլանտները տարեկան հազարավոր մարդկանց են տեղադրում, եւ դրանք օգնում են մարդկանց լսել: Այնուամենայնիվ դրանք լսողությունն ամբողջությամբ չեն վերականգնում: Օրինակ, կոխլեար իմպլանտատներով մարդիկ չեն կարող երաժշտություն լսել:

Տվյալ հետազոտության գաղափարն այն է, որ իմպլանտատի եւ լսողական նյարդերի միջեւ հնարավոր սերտ կապը կարող է լավացնել լսողությունը: Այս նյարդային վերջավորությունները կարելի է աճեցնել նեյրոտրոֆիններ կոչվող նյարդա-սնուցող սպիտակուցների ազդեցությամբ:

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս (New South Wales) համալսարանի հետազոտողները այս աճի գործոններից մեկի կիրառման նոր ձեւ են մշակել:

Նրանք աճի գործոն հանդիսացող գենը ներմուծել են խլացած ծովախոզուկների ականջներ: Այս կենդանիներին հաճախ օգտագործում են որպես մարդկային լսողության մոդել: Այնուհետեւ նրանք կոխլեար էլեկտրոդը այնպես են կարգավորել, որպեսզի ականջի ներս թափանցեն մի քանի ուժեղ էլեկտրական ազդակներ:

Դա հարեւան բջիջների թաղանթները ժամանակավորապես թափանցելի է դարձրել, այնպես որ գենը կարողանա թափանցել ներս: Այս բջիջները սկսել են աճի գործոն արտադրել, ինչը իր հերթին խթանել է նյարդաթելերի աճը եւ փոքրացրել է տարածությունը նյարդերի եւ կոխլեար իմպլանտատի միջեւ, հաղորդել է թիմը Science Translational Medicine ամսագրում:

Հետազոտության ավագ հեղինակ Հարի Հուսլին ասել է, որ մարդկանց մոտ ոչ մեծ հետազոտություններ կարելի կլինի սկսել 2-3 տարի անց:



© NEWS.am Medicine