Իբուպրոֆենը տղամարդկանց համար վտանգավոր է. հետազոտություն

19:05   9 հունվարի, 2018

Տարածված ցավազրկող եւ ջերմիջեցնող դեղամիջոց իբուպրոֆենը կարող է տղամարդկանց անպտղություն առաջացնել, պարզել են Կոպենհագենի համալսարանի գիտնականները:

Հետազոտողները փորձ են անցկացրել 18-ից մինչեւ 35 տարեկան 31 տղամարդկանց մասնակցությամբ: Նրանց 2 խմբի են բաժանել: Առաջին խմբի մասնակիցներին 6 շաբաթ ամեն օր տվել են 600 մգ իբուպրոֆեն (համարժեք է 3 հաբին), երկրորդ խմբի մասնակիցները պլացեբո են ընդունել:

14 օր լրանալուց հետո առաջին խմբի տղամարդկանց մոտ գրանցվել է լյուտեինացնող հորմոնի արտադրման աճ: Այն ազդում է տեստոստերոնի սինթեզի վրա, որն անհրաժեշտ է սերմնաբջիջների ձեւավորման համար: Այս հորմոնի չափից ավելի խտությունը ակտիվացնում է կոմպենսատորային մեխանիզմները եւ սպառնում տեստոստերոնի արտադրման նվազմամբ, ու որպես հետեւանք՝ անպտղությամբ:

Գիտնականները նշել են, որ իրենց փորձարկվողները իբուպրոֆենը չափավոր դոզայով են ընդունել, այդ պատճառով բացասական հետեւանքներն այնքան էլ ուժեղ արտահայտված չէին: Սակայն մարդիկ, որոնք ցավազրկողները մեծ դոզաներով են ընդունում եւ կանոնավորապես, օրինակ՝ պրոֆեսիոնալ մարզիկները, պետք է ավելի զգույշ լինեն:

Հետազոտության արդյունքները հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences ամսագրում, հայտնում է Science Alert-ը:



© NEWS.am Medicine