Հունվարի 10-ին ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը որոշում կայացրեց լրամշակման ուղարկել արյան, օրգանների եւ հյուսվածքների դոնորության եւ փոխպատվաստման վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների փաթեթը:
Փոփոխությունների փաթեթը հանձնաժողովի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը: Նա պարզաբանեց, որ այդ փոփոխությունների անհրաժեշտությունը թելադրված է գործող օրենսդրությունը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ արյան դոնորության եւ արյան պաշարների հետ կապված նոր պահանջներ են հայտնվել:
Մասնավորապես, ինչպես նշել է Սերգեյ Խաչատրյանը, ՀՀ Սահմանադրության համաձայն, արգելվում է եվգենիկայի ոլորտում փորձեր իրականացնել, եւ այդ կապակցությամբ առաջարկվում է փոփոխություններ կատարել Քրեական օրենսգիրքում, ըստ որոնց այդ փորձերը քրեական հանցագործություն են համարվում եւ պատժվում են օրենքով:
Մյուս փոփոխությունները վերաբերում են օրգանների եւ արյան դոնորությանը. առաջարկվում է «Մարդուն օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» օրենքում դոնորական օրգանների վաճառքի արգելքը ձեւակերպել հետեւյալ կերպ՝ «Կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները եւ հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը արգելվում է»:
«Մարդու արյան եւ դրա բաղադրամասերի դոնորության եւ փոխներարկումային բժշկական օգնության մասին» օրենքում առաջարկվում է ամրագրել, որ պետությունը կամ բժշկական հաստատությունը դոնորից արյուն չի գնում, այլ փոխհատուցում է դոնորի՝ արյուն տալու էներգետիկ եւ կենսաբանական ծախսերը, ինչպես նաեւ՝ տրանսպորտային ծախսերը: Նույն օրենքը առաջարկվում է նաեւ ամրագրել Արյան ազգային ծառայություն հասկացությունը:
Փոխնախարարը պարզաբանեց, որ Արյան ծառայությունը նոր մարմին չէ. այն բժշկական հաստատությունների, ինչպես նաեւ դոնորության քարոզչությամբ եւ դոնորների ներգրավմամբ զբաղվող կազմակերպությունների ցանց է:
Սերգեյ Խաչատրյանը հավելեց որ նախկինում արյան պետական պաշարները հավաքվում եւ պահվում էին կենտրոնացված՝ Արյունաբանության ազգային կենտրոնում, սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ մեկ կենտրոնը չի կարող զբաղվել այդ խնդրի լուծմամբ: Հետեւաբար, առաջարկվում է օրենքում ամրագրել, որ դոնորական արյուն հավաքելու եւ պահելու համար թույլտվություն ունեցող բոլոր բժշկական հաստատությունները պարտավոր են մասնակցել արյան պետական պաշարների ձեւավորմանը:
Քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովի անդամները հիմնականում չհամաձայնեցին այն ձեւակերպման հետ, որ օրգաններն ու հյուսվածքներն արգելվում է շահույթի աղբյուրի վերածել: Մասնավորապես, «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ինչ տրամաբանությամբ է առաջարկվում օրենքի՝ օրգանների վաճառքի վերաբերյալ ներկա դրույթը վերափոխել շահույթի ստացման արգելքով: Ըստ նրա, այս կետը կարող է տարընթերցման տեղիք տալ, քանի որ եթե փոխպատվաստման համար վճարում են, ապա դա կարելի է եւ այնպես հասկանալ, որ այստեղ շահույթ կա:
«Եթե չկա օրգան, չկա նաեւ փոխպատվաստման վիրահատություն եւ վիրահատող մասնագետը շահույթ չի ստանա: Ուստի այստեղ խնդիր կա», - ասաց նա:
ՀՀԿ պատգամավոր Մարգարիտա Եսայանը նշեց, որ օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստում իրականացնող բժշկական հաստատությունը ամեն դեպքում շահույթ է հետապնդում, եւ այս տեսանկյունից նոր ձեւակերպումը այդքան էլ հասկանալի չէ:
Սերգեյ Խաչատրյանը պարզաբանեց, որ այս ձեւակերպումը տրված է նոր Սահմանադրությամբ, եւ այս փոփոխությունը միայն այդ հանգամանքով է թելադրված: Ըստ նրա՝ եթե որեւէ մեկը վճարում է փոխպատվաստման համար, ապա նա վճարում է ոչ թե օրգանի, այլ այն միջոցառումների համար, որոնք իրականացնում է բժշկական հաստատությունը:
Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ դա չի նշանակում, որ բժշկական հաստատությունները կամ պետությունը արյան կամ օրգանների ձեռքբերման համար ծախսեր չեն կատարում կամ բժշկական հաստատությունը փոխպատվաստումից շահույթ չի ստանում: Սակայն այդ շահույթը որեւէ կապ չունի օրգանի վաճառքից ստացված շահույթի հետ:
Այն մտքի հետ, որ դրույթը տարընթերցման տեղիք է տալիս, համաձայնեց նաեւ առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը: Հանձնաժողովի որոշմամբ փաթեթը կուղարկվի լրամշակման: