Արծաթե նրբաթելերով ներքնազգեստը կարող է սերմնաբջիջներին ճառագայթումից պաշտպանել

23:34   10 հունվարի, 2018

Ամերիկա-ֆրանսիական Spartan ընկերության կողմից մշակված եւ CES 2018 ցուցահանդեսին ներկայացված նոր ներքնազգեստը կարող է տղամարդկանց սերմնաբջիջներին բջջային հեռախոսի ճառագայթումից պաշտպանել:

Ըստ արտադրողների՝ նոր կիսավարտիքը արծաթե նրբաթելերի շնորհիվ բջջային հեռախոսի եւ  Wi-Fi ցանցի ճառագայթումից կարող է մինչեւ 99 տոկոսով պաշտպանել:

Արտադրողների խոսքով՝ կիսավարտիքում այդ նրբաթելերի պարունակության պատճառով, պետք չէ անհանգստանալ. օդանավակայանում մետաղյա իրեր ճանաչող սարքը դրանց չի արձագանքի:

Հեռախոսների ճառագայթման հնարավոր վտանգների մասին վերջերս շատ է խոսվում. մասնավորապես մասնագետները փորձում են պարզել՝ արդյոք այդ ճառագայթումը վտանգավոր է ուղեղի եւ տղամարդու վերարտադրողական գործառույթի համար:

Եվ եթե ուղեղի վրա հնարավոր ազդեցության մասին դեռ ամեն ինչ պարզ չէ, կան բազմաթիվ վկայություններ այն մասին, որ տաբատի գրպանում գտնվող բջջային հեռախոսը բացասաբար է ազդում սերմնաբջիջների որակի եւ քանակի վրա:

Արտադրողների խոսքով՝ նոր ներքնազգեստը շատ շուտով շուկայում կհայտնի եւ 42 եվրո (մոտ 50 դոլար) կարժենա:



© NEWS.am Medicine