Երգեցողությունն օգնում է հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիան

09:41   11 հունվարի, 2018

Երգեցողությունը կանանց օգնում է հաղթահարել հետծննդաբերական դեպրեսիայի ախտանիշները: Այս մասին հայտնում են Centre for Performance Science-ի (Լոնդոն, Մեծ Բրիտանիա) գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ երիտասարդ մայրիկները, որոնց մոտ այս հոգեկան խանգարման ախտանիշներ են նկատվում՝ չափավորից մինչեւ ուժգին, զգալիորեն ավելի արագ են հոգեկան առողջությունը վերականգնում, եթե հաճախում են խմբակային երգեցողության պարապմունքների: Եվ չնայած հետազոտության հեղինակները չեն պատասխանել այն հարցին, թե ինչու է այդպես, գիտնականների նախորդ դիտարկումները ցույց են տվել, որ երգեցողությունը դեպրեսիան բուժելու հատկություն ունի, քանի որ այն մարդուն թույլ է տալիս իր զգացմունքներն ավելի լավ արտահայտել եւ դրա հետ մեկտեղ թեթեւանալ:

Հետազոտության հեղինակները հետեւել են 134 կանանց վիճակին նրանց մայրանալու առաջին 40 շաբաթների ընթացքում: Կանանց 2 խմբի են բաժանել: Սռաջինում ընդգրկվածները 10 շաբաթ հետո մասնակցել են երգեցողության խմբակային պարապմունքների, իսկ երկրորդում ընդգրկվածները հոգեբանի աջակցության ստանդարտ ծրագիր են ստացել: Առաջին խմբի կանայք լսել են մյուս մասնակիցների երգը եւ իրենք էլ են երգերը սովորել, ինչպես նաեւ ստեղծել են մայրության հետ կապված սեփական երաժշտական կոմպոզիցիաներ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ երգեցողությունը եւ տարբեր կարգի կրեատիվ գործունեությունը արագացնում են հետծննդաբերական դեպրեսիայի հետ բախված կանանց վերականգնման ժամանակը: Նախկինում գիտնականների այլ խմբեր եկել են այն եզրակացության, որ խմբակային երգեցողությունը միայնությամբ տառապող տարեց մարդկանց շրջանում դեպրեսիվ ախտանիշների դեմ պայքարելու հրաշալի միջոց է: Հնարավոր է՝ սա կապված է այն բանի հետ, որ զբաղմունքի այս տեսակը մյուսների հետ ինտենսիվ շփում է պահանջում, ինչը մարդու համար չափազանց կարեւոր է:



© NEWS.am Medicine