Եթե ես կարողանայի այդ օր վերադառնալ, կցանկանայի՝ որեւէ մեկը ինձ կանգնեցներ. կամուրջից ցած նետված աղջիկ

20:28   12 հունվարի, 2018

Հիվանդասենյակում աչքերը բացելով՝ Անուշ Չ.-ն չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է այնտեղ հայտնվել: Նա ուժեղ գլխացավ ուներ, եւ չնայած հասկանում էր ինքն ով է, ինչ է իր անունը եւ քանի տարեկան է, կյանքի վերջին օրերը կարծես նրա հիշողությունից ջնջել էին: Ոտքը վիրակապված էր, անհնար էր շարժվել:

Անուշը երբեմն հարազատներին հարցնում էր՝ ինչ է պատահել եւ ինչու է ինքը հիվանդանոցում: Նրան պատասխանում էին, որ ընկել է: Գլխացավի պատճառով ստացած տեղեկությունը դժվար էր վերլուծել: Օտարների հարցերին պատասխանելը՝ նույնպես: Իսկ նրան հարցեր էր տալիս հիվանդասենյակ եկած քննիչը: Նա հարցնում էր, թե ինչ էր անում Աշտարակի կամրջի տակ, որտեղ նրան գտել էին փրկարարները: Անուշը ոչ մի կամուրջի մասին չէր հիշում: Անուշի հիշողությունը վերականգնվեց հանկարծակի. մի անգամ նիրհելու համար աչքերը փակելով՝ նա հանկարծ ամեն ինչ հստակ հիշեց:

«Ես կարծես սեփական մարմնից դուրս եկա եւ սկսեցի ինձ կողքից նայել: Ես տեսա, թե ինչպես եմ տնային շորերով՝ խալաթ հագած, կամուրջից նետվում, հիշեցի ինչպես էր քամին դեմքիս փչում, մինչ ներքեւ էի թռչում»,- պատմեց Անուշը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում:

Նա նաեւ մտաբերեց, թե ինչպես է ամուսնալուծվելուց հետո մի քանի ամիս աշխատանք փնտրել: Անուշը մասնագիտությամբ բուժքույր է, մանկաբարձի օգնական: Սակայն նրան չի հաջողվել մասնագիտությամբ աշխատանք գտնել ո՛չ հայրենի Աշտարակում, ո՛չ Երեւանում: Անուշը որոշել է ցանկացած աշխատանքի համաձայնվել, սակայն նույնիսկ վաճառողի աշխատանք չի գտել եւ այս պատճառով ծանր ապրումներ է ունեցել, չնայած այդ մասին ոչ մեկին չի ասել:

«Ես շատ էի ցանկանում աշխատել, մարդկանց հետ շփվել: Շատ ծանր է ամբողջ օրը չորս պատի մեջ նստելը, երբ չես աշխատում, ներսումդ այնպիսի անհանգստացնող լարվածություն է առաջանում…»,- ասաց նա: Աշխատանք գտնելու անհնարինությունը եւ դրանից բխող բոլոր խնդիրները հանգեցրել են կյանքից ուժգին հիասթափության. դեկտեմբերի 15-ին, տանից փախչելով, Աշտարակի կամրջից Անուշը ցած է նետվել:

Մի քանի ժամ անց նրան կամրջի տակ փրկարարներն են գտել, որոնք նրան տեղական հիվանդանոց են տարել, որտեղից շտապ Երեւան են տեղափոխել: Աղջկա մոտ ծանր վնասվածքներ կային, սակայն նա ողջ էր: Աղջիկը որոշ ժամանակ անցկացրել է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, որից հետո նրան տեղափոխել են «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ կոնքի վնասված ոսկորների վերականգնման բարդ վիրահատություն են կատարել: Հիմա նա վիրահատությունից հետո վերականգնվում է, իսկ մի քանի ամիս հետո, բժիշկների խոսքով, կկարողանա նորմալ քայլել:

«Այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, ես սկսել եմ կյանքին այլ կերպ նայել: Ես հասկացել եմ, որ շատ հարցերի ու խնդիրների սխալ եմ վերաբերվել: Ես մտածում էի, որ աշխատանք չունեմ, բաժանված եմ, իմ կյանքում ոչ մի լավ բան չկա եւ պետք է մեռնեմ: Միայն հիմա հասկացա, թե որքան սաստիկ եմ ապրել ուզում: Այո՛, կյանքը ծանր է, սակայն աշխատանք գտնելու անհնարինության պատճառով չէր կարելի այդպիսի բան անել: Ես, ախր, ոչ միայն ինձ ցավ պատճառեցի, այլ նաեւ իմ հարազատներին: Ես միայն հիմա հասկացա, որ ինչքան էլ ծանր լինի, չի կարելի հանձնվել եւ հիմարություն անել: Եթե կարողանայի այն օր վերադառնալ, կցանականայի՝ որեւէ մեկը ինձ կանգնեցներ, խելքի բերեր, ուշքի բերեր», - ասաց Անուշը: Նրա խոսքով՝ երբ գնում էր դեպի Աշտարակի կամուրջ, ոչ մի բանի մասին չէր մտածում, ոչ մի բան չէր ծրագրում, չէր մտածում այն մասին, թե ինչ կլինի հետո: Այդ ժամանակ ինքը ցանկանում էր պարզապես գոյություն չունենալ: Իսկ հիմա նրա մեջ ապրելու կամք է առաջացել:

«Աստված ինձ երկրորդ հնարավորությունն է տվել, եւ ես կաշխատեմ հիմա այլ կերպ ապրել՝ չկրկնելով նախկին սխալները: Այո, ինձ համար հիմա ծանր է, ամբողջ մարմինս ցավում է, ես շարժվել չեմ կարողանում, բայց ես հասկանում եմ, որ այս ամենը կանցնի: Դեռեւս ապագայի կոնկրետ ծրագրեր չունեմ: Պարզապես ուզում եմ շուտ առողջանալ, իսկ հետո կյանքս ամբողջությամբ փոխել», - ասաց աղջիկը:

Անուշին եւ նրա ընտանիքին օգնել ցանկացողնորը կարող են ցանկացած գումար փոխանցել հետեւյալ հաշվեհամարներին.

Բանկ ՎՏԲ

AMD 1606 7016 139900

USD 1606 7016 139901

EUR 1606 7016 139902

RUR 1606 7016 139903

Ստացող՝ Շահբազյան Մարգարիտ



© NEWS.am Medicine