Բազմապտուղ հղիություն. Ի՞նչ վտանգներով է այն ուղեկցվում

21:57   13 հունվարի, 2018

Շատ զույգեր են ուրախանում՝ տեղեկանալով, որ իրենք երկվորյակ կամ եռյակ են ունենալու: Սակայն բժիշկները լսելով բազմապտուղ հղիության մասին՝ սկսում են անհանգստանալ: Ինչո՞ւ: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանումներ կատարեց վերարտադրող բժիշկ, բժշկական գիտությունների դոկտոր Կարինե Կիրակոսյանը:

Ամբողջ աշխարհում բազմապտուղ հղիությունը համարվում է բարձր ռիսկայնությամբ հղիություն՝ կապված բարդությունների բազմակի մեծ հաճախության հետ, ի տարբերություն միապտող հղիության: Բազմապտուղ հղիության արդյունքում երեխաներն ավելի հաճախ են փոքր կամ շատ փոքր քաշով ծնվում եւ ոչ միշտ են ծնվելիս լիարժեք զարգացած լինում, այս պատճառով նրանք ոչ միշտ են ողջ մնում, իսկ ողջ մնալու դեպքում հաճախ բախվում են տարբեր խնդիրների եւ հիվանդությունների:

Համարվում է, որ որքան պտուղները մեծաթիվ են, այնքան բարձր է խնդիրների հավանականությունը. երկվորյակները շատ հաճախ են լիովին հասուն ծնվում, սակայն եռյակները եւ քառյակները, որպես կանոն, ծնվում են սահմանված ժամկետից մի քանի շաբաթ վաղ եւ ավելի հաճախ են առողջական խնդիրներ ունենում, քան երկվորյակները եւ միապտուղ նորածինները:

Ինչպես նշեց Կարինե Կիրակոսյանը, վերջին տասնամյակում աշխարհում բազմապտուղ հղիությունների թիվը նկատելիորեն աճել է՝ վերատադրողական օժանդակ տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ: Բայց եթե նախկինում արտամարմնական բեղմնավորման ժամանակ կնոջ արգանդի խոռոչում տեղադրում էին մի քանի սաղմ, որ մեծացնեին հղիության հավանականությունը, ապա հիմա վերարտադրողները կենտրոնանում են որակյալ սաղմեր ստանալու վրա, որպեսզի 1 կամ 2 սաղմի պատվաստման դեպքում հղիությունն ապահովվի՝ ցանկալի է մեկ պտուղով, առավելագույնը՝ երկու, բայց ոչ ավելի:

Բժիշկ Կիրակոսյանը երկար տարիներ աշխատել է Մոսկվայում, որտեղ դեռեւս 18-20 տարի առաջ արտամարմնական բեղմնավորման ժամանակ պատվաստել են 4-5, նույնիսկ 6 սաղմ: Աշխարհի որոշ երկրներում այդ ժամանակ պատվաստում էին 8-9 սաղմ, իսկ բազմապտուղ հղիությունները՝ իրենց բոլոր բարդություններով, պարզապես ահռելի թիվ էին կազմում: Սակայն երբ պարզվեց, թե այս ամենն ինչպիսի խնդիրներ է առաջացնում, բժիշկների մոտեցումները սկսեցին փոխվել: Որոշ երկրներոմ նույնիսկ օրենքներ ընդունվեցին, որոնք արգելում էին 2 կամ 3 սաղմից ավելին պատվաստել:

Այսօրվա դրությամբ Հայաստանի օրենսդրությունում սաղմերի թվի սահմանափակումներ չկան, որոնք կարելի է փոխպատվաստել արտամարմնական բեղմնավորման ժամանակ, եւ ամեն ինչ իրենք բժիշկները կամ կլինիկայի ղեկավարությունն է որոշում: Լավ բժշկական կենտրոնների մեծ մասում աշխատում են որքան հնարավոր է քիչ սաղմեր պատվաստել, որ նվազի բազմապտուղ հղիության հավանականությունը:

«Վերարտադրողները պետք է կարողանան իրավիճակը գրագետ գնահատել եւ լավագույն սաղմերն ընտրել, որպեսզի արտամարմնական բեղմնավորման արդյունքում հղիություն ստանան, սակայն ոչ բազմապտուղ»,- նշեց մասնագետը:

Նշենք, որ ամեն տարի Հայաստանում ծնվում է մոտ 450 զույգ երկվորյակ եւ 20 եռյակ: 2015 թվականին, օրինակ,  երկրում գրանցվել է 503 բազմապտուղ հղիություն, որոնց արդյունքում ծնվել է 484 զույգ երկվորյակ եւ 19 եռյակ:



© NEWS.am Medicine