Հայաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդների մեծ մասը 0-4 տարեկան երեխաներն են. գլխավոր վարակաբան

11:33   15 հունվարի, 2018

Այսօրվա դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում գրիպով եւ ՍՇՎ-ով մոտ 670 հիվանդ կա, եւ նրանցից մոտ 96 տոկոսը մինչեւ 4 տարեկան երեխաներն են: Այս մասին լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Նրա խոսքով՝ մեծահասակները նույնպես բավականին հաճախ են գրիպով եւ շնչառական այլ ինֆեկցիաներով հիվանդանում, սակայն, որպես կանոն, տանն են բուժվում եւ բժշկի չեն դիմում: Իսկ եթե երեխան է հիվանդանում, նրան անմիջապես բժշկի մոտ են տանում՝ հաճախ նույնիսկ ոչ թե պոլիկլինիկա, այլ անմիջապես հիվանդանոց:

Բժիշկ Ասոյանը նաեւ նշեց, որ գրիպով եւ ՍՇՎ-ով հիվանդացությունը վերջին շաբաթներին աճել է, սակայն հարկ չկա խոսելու համաճարակի կամ նույնիսկ բռնկման մասին: Ավելին՝ անցած տարիներին հիվանդացությունը ավելի բարձր է եղել, քան այս տարի: Մասնագետի խոսքով՝ գրիպի եւ ՍՇՎ վիրուսների տարածմանը նպաստել է նաեւ այն, որ ամանորյա եւ ծննդյան տոների ժամանակ մարդիկ հաճախ են միմյանց հյուր գնացել, նույնիսկ եթե հիվանդ են եղել:

Մասնագետը հայտնեց, որ հիմա Հայաստանում տարածված են А եւ В տեսակի գրիպի վիրուսները:

Հետաքրքիր է, որ հաջող պատվաստման շնորհիվ, մասնագետի խոսքով, գործնականում գրիպի դեպքեր չկան ո՛չ զինվորների շրջանում (անցյալ տարեվերջին բոլոր նորակոչիկներին պատվաստել են գրիպի դեմ), ո՛չ բուժաշխատողների:



© NEWS.am Medicine