2017 թվականին Հայաստանում գրանցվել է սուր թունավորումների 944 դեպք

16:52   15 հունվարի, 2018

2017 թվականին Հայաստանում գրանցվել է ալկոհոլով, շմոլ գազով, քիմիական եւ դեղորայքային նյութերով, թունավոր սնկերով սուր թունավորումների 944 դեպք: Այս թվի մեջ են մտնում նաեւ բոտուլիզմի եւ թունավոր օձերի խայթոցների դեպքերը: 2016 թվականին գրանցվել է սուր թունավորումների 991 դեպք: Այս մասին լրագրողներին հայտնեց ԱՆ գլխավոր թունաբան Միքայել  Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ անցյալ տարի թունավոր օձերի 146 խայթոց է գրանցվել, ներարկվել է հակագյուրզայի հակաթույնի 92 դոզա, գրանցվել է նաեւ խայթոցի հետեւանքով մահվան մեկ դեպք: Համեմատության համար՝ 2016-ին ամբողջ երկրում եղել է 97 խայթոց, եւ օգտագործվել է հակաթույնի 66 դոզա:

2017 թվականին գրանցվել է շմոլ գազից թունավորման 135 դեպք. 2016-ին՝ 85, այդ թվում՝ մահվան մեկ դեպք:

2017-ին գրանցվել է նաեւ ալկոհոլային թունավորման 322 դեպք, այդ թվում՝ մահվան 6 դեպք: Մահացածների մեծ մասը, մասնագետի խոսքով, քրոնիկական ալկոհոլամոլությամբ տառապողներն են:

2017 թվականին բոտուլիզմի 18 դեպք է գրանցվել, 2016-ին՝ 14: Բոտուլիզմի հետեւանքով մահվան դեպքեր չեն եղել, անցյալ տարի եւս չեն եղել:



© NEWS.am Medicine