Ծակող ցավերը սրտաբանական խնդիրներին հատուկ չեն. մասնագետ

15:52   16 հունվարի, 2018

Սրտի շրջանում ծակող ցավերը, որպես կանոն, մատնացույց են անում ոչ թե սրտաբանական, այլ նյարդաբանական կամ մկանային խնդիրները, պնդում է «Աստղիկ» ԲԿ սրտաբանական ստացիոնարի ղեկավար Միքայել Ադամյանը:

Նրա խոսքով՝ եթե հիվանդը կարող է մեկ մատով ցույց տալ, թե որտեղն է ցավում, նրա մոտ ավելի շուտ մկանային կամ նյարդային ցավ է: Իսկ եթե իսկապես սիրտն է ցավում, ցավը, որպես կանոն, մեծ գոտի է ընդգրկում, ցավացող տեղը ցույց տալու համար հիվանդը նվազագույնը պետք է իր ափն օգտագործի:

Ինչպես նշեց սրտաբանը, սրտի կաթվածը կամ ստենոկարդիան (կրծքահեղձուկ) կարող են ցույց տալ կրծքավանդակում, կրծքի հետեւում ճնշող, այրող, սեղմող ցավերը: Այս ցավերը հաճախ դրսեւորվում են ֆիզիկական ակտիվության ժամանակ, ձմռանը՝ նաեւ սառը օդը ներշնչելիս: «Սրտաբանական» ցավերը կարող են նաեւ «փոխանցվել» ձեռքերին, արմունկներին, ստամոքսին, նույնիսկ ծնոտին:

Ինչպես նշեց Միքայել Ադամյանը, սրտում ցավերը իրականում տարբերվում են ցանկացած այլ ցավից, եւ հիվանդների մեծ մասն առանց դժվարության դրանք տարբերակում է: Ավելին՝ այսպիսի ցավերի դեպքում հիվանդներից շատերի մոտ նաեւ մահվան ուժգին վախ է առաջանում. հետաքրքիր է, որ ստենոկարդիայի եւ կաթվածի ժամանակ այսպիսի վախերով ուղեկցվող ցավերի մասին նկարագրված է անգամ բժշկական ուսումնական ձեռնարկներում:

Նշենք, որ եթե ձեզ անհանգստացնում են սրտի շրջանում ծակող ցավերը, որոնք, ավելի շուտ, կապված չեն սրտաբանական խնդիրների հետ, միեւնույն է՝ արժի բժշկի դիմել. մշտապես ավելի լավ է ապահովագրվել, քան լուրջ խնդիրն անտեսել:



© NEWS.am Medicine