Վաղվանից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի

17:52   16 հունվարի, 2018

Հունվարի 17-ից Հայաստանի դպրոցներում համաճարակաբանական ֆիլտր կգործի. մասնագետը (պոլիկլինիկայի բժիշկը կամ դպրոցի բուժքույրը) դպրոցի մուտքի մոտ կզննի բոլոր աշակերտներին եւ հիվանդներին տուն կուղարկի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային ինֆեկցիաների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Մասնագետը ծնողներին խորհուրդ է տալիս հիվանդ երեխաներին դպրոց կամ մանկապարտեզ չուղարկել. եթե երեխայի մոտ գրիպ է կամ ՍՇՎ, նա պետք է տանը բուժվի, իսկ բուժումը պետք է նշանակի մանկաբույժը կամ ընտանեկան բժիշկը: Իսկ եթե հիվանդ երեխան ուսումնական հաստատություն հաճախի, այնտեղ նա հեշտությամբ շատ այլ երեխաների կվարակի: Համաճարակաբանական ֆիլտրը կազմակերպում են հենց գրիպի ու ՍՇՎ տարածումը կանխարգելելու նպատակով:

Մասնագետը նաեւ խորհուրդ չի տալիս հիվանդ երեխային անմիջապես հիվանդանոց տանել, այլ ոչ պոլիկլինիկա. առաջին՝ ընտանեկան բժիշկը կամ մանկաբույժը երեխային ավելի լավ է ճանաչում, իսկ հիվանդանոցային բժիշկն այդ երեխային առաջին անգամ է տեսնելու: Երկրորդ՝ բացառված չէ, որ երեխայի մոտ սովորական մրսածություն է, իսկ հիվանդանոցում նա կարող է ուրիշ հիվանդ երեխաներից որեւէ վիրուսով վարակվել, որը տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ինչը նրա վիճակը միայն կվատթարացնի:

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում սուր շնչառական վիրուսային հիվանդություններով հոսպիտալացված մոտ 700 հիվանդ կա: Նրանցից 21 տոկոսի մոտ նաեւ թոքաբորբ է ախտորոշվել:



© NEWS.am Medicine