Բարձր տագնապայնությունը կարող է Ալցհեյմերի հիվանդության նշան լինել. հետազոտություն

10:44   17 հունվարի, 2018

Բարձր տագնապայնությունը կարող է Ալցհեյմերի հիվանդության սկզբի նշան լինել: Այս մասին հայտնում են Բրիգամի կանացի հոսպիտալի աշխատակիցները, որոնք վերլուծել են գրեթե 300 տարեց մարդկանց տվյալները եւ սերտ կապ հայտնաբերել տագնապի ու սպիտակուցի միջեւ, որն ուղեղում կուտակվում է դեմենցիայի դեպքում:

Ուղեղում ամիլոիդային վահանիկները հայտնվում են Ալցհեյմերի հիվանդությանը հատուկ ախտանիշների առաջացումից ավելի վաղ, ինչպիսին են հիշողության խնդիրները: Սակայն հիվանդների բնավորությունը եւ տրամադրությունը սկսում են փոխվել բավականին վաղ, պարզապես ոչ բոլորն են դրա վրա ուշադրություն դարձնում եւ հասկանում, որ դա կարող է վերահաս տկարամտության ախտանիշ լինել:

Հետազոտողները դեպրեսիայի 30 ախտանիշների արտահայտվածությունը համեմատել են մասնակիցների ուղեղի սքանավորման տվյալների հետ: Նրանք փոփոխություններին հետեւել են գրեթե 5 տարի: Պարզվել է, որ ուղեղում տոքսիկ սպիտակուցի կուտակման չափից կախված կամավորների մոտ տագնապի մակարդակն աճել է: Հետազոտողները եզրակացրել են, որ տագնապը կարող է լինել դեմենցիայի առաջին նշանը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կօգնի դեմենցիայի դեմ պայքարում:



© NEWS.am Medicine