Երիկամներում քարագոյացման 5 անսպասելի պատճառ

11:52   17 հունվարի, 2018

Երիկամներում քարագոյացման հավանականությունը մեծացնում են ոչ միայն սննդակարգում ջրի պակասն ու նստակյաց կենսակերպը, այլեւ կան վտանգի մի շարք այլ գործոններ:

  1. Սննդակարգում կալցիումի պակաս

Երիկամներում քարերից շատերը կազմված են հենց կալցիումից, ինչի հետեւանքով մարդիկ հաճախ կրճատում են իրենց սննդակարգում կալցիումի քանակությունը՝ մտածելով, որ դրանով կապահովեն միզաքարային հիվանդության կանխարգելումը: Սակայն ամեն ինչ այնքան էլ պարզ չէ: Հարվարդի առողջապահության դպրոցի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ սնունդից կալցիում պարունակող մթերքների բացառումը իրականում մեծացնում է միզաքարային հիվանդության առաջացման հավանականությունը:

  1. Մեծ քանակությամբ մսի օգտագործում

Մսակերները բուսակերների համեմատությամբ 30-50 տոկոսով ավելի հաճախ են բախվում երիկամներում քարերի հետ, պարզվել է 2014 թվականին կատարված հետազոտությամբ: Եթե միս շատ եք սիրում, ապա նախապատվությունը տվեք սպիտակ, այլ ոչ կարմիր մսին:

  1. Արեւադարձներում բնակություն

Արեւադարձային կլիմայի պայմաններում բնակվող մարդկանց մոտ աճում է միզաքարային հիվանդության առաջացման վտանգը: Սա պայմանավորված է օրգանիզմից ավելի պակաս միզարտադրությամբ, հատկապես եթե մարդիկ խմելու ջրի անբավարարություն ունեն: Քրոնիկական դիարեան, որը հաճախ է դիտվում արեւադարձային աղքատ երկրների բնակիչների շրջանում, նույնպես մեծացնում է երիկամներում քարագոյացման հավանականությունը:

  1. Կլիմայի փոփոխություններ

Գիտնականները վաղուց ի վեր վիճաբանում են, թե արդյոք կապ կա՞ գլոբալ տաքացման եւ երիկամներում քարագոյացման միջեւ: Որքան եղանակը շոգ է, այնքան մեծ է միզաքարային հիվանդության հավանականությունը, ինչն ապացուցում է աշխարհի տարբեր երկրների վիճակագրությունը: Սակայն դեռեւս չի հաստատվել այս երեւույթների միջեւ ուղիղ պատճառահետեւանքային կապը:

  1. Գրգռված աղիների համախտանիշ

Աղիների աշխատանքի խանգարման հետեւանքով առաջացող դիարեան օրգանիզմից ջուրը քամում է՝ դրանով նպաստելով երիկամներում քարերի գոյացմանը:



© NEWS.am Medicine