Շագանակագեղձի քաղցկեղի նոր անալիզը կազատի բիոպսիա կատարելու անհրաժեշտությունից

17:58   17 հունվարի, 2018

Շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման եւ հաստատման համար արյան նոր անալիզը հիվանդների գրեթե 70 տոկոսին կազատի ցավոտ եւ տհաճ բիոպսիա կատարելու անհրաժեշտությունից:

Այս անալիզը մշակել են Nottingham Trent University-ի եւ University Hospitals Leicester NHS Trust-ի գիտնականները, որոնք հայտնաբերել են, որ հիվանդի իմունային համակարգը քաղցկեղի առկայությամբ փոխվում է, եւ այս փոփոխությունները հնարավոր է արյան մեջ որսալ: Ներկայումս շագանակագեղձի քաղցկեղի հայտնաբերման համար օգտագործում են արյան հատուկ անալիզ, որը որոնում է շագանակագեղձի հատուկ հակագեները (ՇՀՀ՝ PSA). բիոմարկեր, որի մակարդակը մեծանում է շագանակագեղձում չարորակ նորագոյացությունների առկայության դեպքում:

Սակայն վերջնական ախտորոշում կատարելու համար այս թեստը բավական չէ, քանի որ այդ հակագենի քանակությունը շատերի մոտ աճում է տարիքին զուգահեռ եւ առանց քաղցկեղի առկայության, դրանից բացի՝ ամենեւին պարտադիր չէ, որ հակագենի բարձր մակարդակը շագանակագեղձի քաղցկեղի մասին վկայի, իսկ դրա նորմալ ցուցանիշները չեն նշանակում, որ տղամարդու մոտ քաղցկեղ չկա:

Նոր թեստը, որն այժմ 72 տղամարդու մասնակցությամբ կլինիկական փորձարկում է անցնում, կօգտագործվի շագանակագեղձի հատուկ հակագենի անալիզից հետո եւ կպատասխանի, թե որքանով է ճշգրիտ առաջին թեստի արդյունքը:

Բացի նրանից, որ նոր անալիզը բժշկին հնարավորություն կտա կողմնորոշվել ախտորոշման հարցում, չարորակ ուռուցք չունեցող կամ վտանգի ցածր կարգի ուռուցքներով տղամարդկանց էլ հնարավորություն կտա չկատարել բիոպսիա, ինչպես նաեւ ախտորոշման այլ գործողություններ եւ թեստեր: Նոր թեստը հետազոտում է արյան սպիտակ բջիջները, որոնք պատասխանատու են ինֆեկցիաներից եւ քաղցկեղից օրգանիզմի պաշտպանության համար: Գիտնականներն ալգորիթմ են մշակել, որը այս բջիջների ռեակցիայի հիման վրա որոշում է՝ արդյոք օրգանիզմում քաղցկեղ կա՞, թե՞ ոչ:



© NEWS.am Medicine