Ինչպե՞ս խուսափել սրտի հիվանդություններից եւ ո՞ր տարիքից պետք է սկսել կանխարգելումը

20:58   17 հունվարի, 2018

Հայաստանում ամեն երկրորդ մահվան պատճառը սրտանոթային հիվանդություններն են, որոնք տարեցտարի «երիտասարդանում են»: Եթե մինչ այս սրտի հիվանդությունները, որպես կանոն, ախտորոշվում էին տարեցների շրջանում, ապա այսօր դրանք ավելի հաճախ խոցում են երիտասարդներին:

Ի՞նչ կարելի է անել սրտի հիվանդությունը կանխելու համար: Այս հարցի պատասխանը ստանալու համար NEWS.am Medicine-ի թղթակցին օգնեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբանական ստացիոնարի ղեկավար Միքայել Ադամյանը:

Կենսակերպ

Միքայել Ադամյանը խորհուրդ է տալիս հնարավորինս շատ ժամանակ անցկացնել շարժման մեջ. ֆիզիկական ակտիվությունը ողղակի անհրաժեշտ է սրտանոթային համակարգի առողջության պահպանման համար: Եթե դուք մարզասրահ այցելելու հնարավորություն ունեք, ապա արե՛ք դա: Եթե ոչ, փորձեք մարզվել տանը եւ հնարավորինս շատ քայլել:

Սննդակարգ

Առողջ սննդակարգը եւս շատ կարեւոր է սրտի առողջության համար. մասնավորապես խորհուրդ է տրվում սննդակարգում նվազեցնել կենդանական ծագման հագեցված ճարպի քանակը, որը բարձրացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, փոխարենը ավելացնել բուսական յուղերի քանակությունը: Մրգերը, բանջարեղենն ու ձավարեղենը եւս պետք է ամենօրյա սննդակարգի մաս դառնան:

Ծխախոտ

Ծխելը, ինչպես նշում է սրտաբանը, միանշանակ մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը: Այն նաեւ նպաստում է աթերոսկլերոզի զարգացմանը, ինչը, իր հերթին, լուրջ բարդությունների կարող է հանգեցնել:

Հիպերտոնիա

Հիպերտոնիան սրտանոթային հիվանդությունների զարգացման ամենահայտնի ռիսկային գործոններից մեկն է, այդ թվում նաեւ՝ ինսուլտների եւ սրտի կաթվածների: Հիպերտոնիան այսօր ախտորոշվում է գրեթե յուրաքանչյուր երրորդ մեծահասակի մոտ, եւ չափազանց կարեւոր է այն վերահսկմել՝ չանտեսելով բժշկի կողմից նշանակված դեղամիջոցները եւ չմոռանալով առողջ ապրելակերպի կարեւորության մասին:

Կանխարգելում

Նույնիսկ եթե ձեզ ոչինչ չի անհանգստացնում, տարին մեկ անգամ խորհուրդ է տրվում այցելել սրտաբանին: Խորհրդատվության ընթացքում մասնագետը կարող է մի քանի կանխարգելիչ հետազոտություն նշանակել. դրանք ԷԿԳ-ի նման պարզ ընթացակարգեր են, որոնք ընդհանուր պատկերացում կտան ձեր սրտանոթային համակարգի վիճակի մասին:

Տղամարդկանց ամեն տարի սրտաբանին այցելել խորհուրդ է տրվում 30 տարեկանից սկսած, կանանց՝ 40 տարեկանից հետո:

Ավելին, եթե ձեզ անհանգստացնում են ցավերը սրտի հատվածում, ապա սպասել պետք չէ. ցավն ինքն իրեն չի անհետանա: Մի՛ հապաղեք եւ այցելե՛ք սրտաբանին:



© NEWS.am Medicine