«Էրեբունի» ԲԿ բժիշկները Լայելլի համախտանիշով հիվանդին ծանր վիճակից հանել են (ֆոտո)

18:48   18 հունվարի, 2018

«Էրեբունի» բժշկական կենտրոնի բժիշկներին հաջողվել է կարգավորել Լայելլի համախտանիշով՝ մահացու վտանգավոր ալերգիկ ռեակցիայով հիվանդի վիճակը: Ներկայումս հիվանդը պատրաստվում է դուրս գրվել, հայտնում է կլինիկայի կայքը:

2017 թվականի դեկտեմբերի 21-ին հիվանդը՝ 1986 թվականի ծնված Զ. Բ.-ն, ծայրահեղ ծանր վիճակում Արցախի Հանրապետության Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքից տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ վերակենդանացման եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունք:  Կոնսիլիում է հրավիրվել, եւ հիվանդի արտաքին բուժզննումից ու մի շարք լաբորատոր հետազոտություններից հետո «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգ-իմունոլոգ, դոցենտ Կրիստինա Ջամալյանը տղամարդու մոտ Լայելլի համախտանիշ է ախտորոշել:

Նշանակվել եւ կատարվել է ինտենսիվ ինֆուզիոն եւ հորմոնալ թերապիա:

Լայելլի համախտանիշը ծանրությամբ երկրորդ ալերգիկ ռեակցիան է (անաֆիլակտիկ շոկից հետո), որի դեպքում տեղի է ունենում մաշկի վերին շերտի շերտազատում՝ դրան հաջորդող մահացում, ինչպես նաեւ տոքսիններով օրգանիզմի թունավորում, որոնք առաջանում են այսպիսի ռեակցիայի հետեւանքով: Մաշկի յուրահատուկ ախտահարման պատճառով հիվանդությունն անվանում են նաեւ սուր կամ տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզ: Այն հիմնականում առաջանում է ի պատասխան ալերգիկ ռեակցիաների հակվածություն ունեցող մարդկանց որոշ դեղամիջոցների ներարկման: Հիվանդության զարգացումը սուր ընթացք ունի, այնպես որ՝ մի քանի ժամում կամ օրում (միջինը 1-3 օրում) մարդու վիճակը կտրուկ ծանրանում է կամ նույնիսկ կյանքին վտանգ սպառնում:

Լայելլի համախտանիշը մահացու վտանգավոր վիճակ է եւ պետք է բուժվի միայն հիվանդանոցում: Հիվանդությանը հատուկ է ոչ միայն մաշկի մահացումը, այլ նաեւ բոլոր ներքին օրգանների ֆունկցիաների զգալի խանգարումը, ինչը բերում է երիկամային անբավարարության, բակտերիալ ինֆեկցիայի, սեպսիսի, աղեստամոքսային արյունահոսության, հիպովոլեմիկ շոկի: Այս ամենի հետեւանքով մահվան ելքի հավանականությունը բավականին բարձր է (30 տոկոս): Հիվանդությունն արագ միջամտություն է պահանջում՝ ծանր հետեւանքները կանխելու եւ հիվանդի կյանքը փրկելու համար:

https://www.erebunimed.com/arm/news.more/290



© NEWS.am Medicine