Կինը կողոսկրը կոտրել է հազալիս

19:41   18 հունվարի, 2018

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի բնակչուհի տարեց կինն իր կողոսկրը կոտրել է հազի նոպայի ժամանակ: Անսովոր բժշկական դեպքի մասին հայտնում է The New England Journal of Medicine ամսագիրը:

66-ամա կինը բժշկի է դիմել վերջին 2 շաբաթվա ընթացքում հազի եւ կրծքում ուժեղ ցավի բողոքներով: Բժիշկը ենթադրել է, որ դրանք առաջացել են շնչառական ինֆեկցիայի հետեւանքով, օրինակ՝ գրիպի: Սակայն հաջորդ 5 օրերին բարելավում չի նկատվել:

Ավելի մանրամասն զննում կատարելիս բժիշկն ուշադրություն է դարձրել կնոջ կողքին՝ կրծքավանդակի եւ կոնքազդրային հոդի միջեւ առկա մեծ կապտուկին: Այն բավականին ցավոտ էր: Համակարգչային տոմոգրաֆիայով պարզվել է, որ կնոջ մոտ աջ 9-րդ կողոսկրի կոտրվածք կա: Դրանից բացի, քթի եւ կոկորդի քսուքի անալիզով բժիշկները կապույտ հազ են ախտորոշել:

Կապույտ հազին հատուկ է սպազմատիկ, խեղդող հազը: Ամենայն հավանականությամբ, կինը կողոսկրը կոտրել էր հերթական նոպայի ժամանակ: ԱՄՆ ՀԻվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ կողոսկրերի կոտրվածքներ են պատահում կապույտ հազով հիվանդ մեծահասակների 4 տոկոսի մոտ:

Կնոջը վիրահատել են, նա անցել է նաեւ հակաբիոտիկային թերապիայի կուրս:



© NEWS.am Medicine