2013-ին Հայաստանում քաղցկեղային հիվանդությունների 7970 նոր դեպք է գրանցվել

20:08   28 ապրիլի, 2014

2013.թ-ին Հայաստանում 7970 քաղցկեղով նոր հիվանդներ են հայտնաբերվել, որոնցից՝ 7911 մեծահասակ (3969 կին, 3942 տղամարդ) եւ 59 երեխա: Այս մասին NEWS.am Medicine-ին հաղորդեցին ՀՀ Առողջապահության Նախարարության Առողջապահության Ազգային Ինստիտուտից:

Անցած տարվա տվյալների (7943) հետ համեմատած այս թիվն աննշան է աճել, սակայն հնգամյա ժամանակահատվածում աճի հստակ դինամիկա է նկատվում. 2008թ.-ի (7404) հետ համեմատած 2013.թ-ին 566 (7.6%) դեպք ավելի է գրանցվել:

Տղամարդկանց մոտ առաջին տեղում է մնում շնչառական ուղիների եւ թոքերի քաղցկեղը (949 դեպք), իսկ կանանց մոտ ամենատարածված քաղցկեղն առաջվա պես կրծքագեղձի քաղցկեղն է (1086): Այնուհետեւ ըստ նվազման հաջորդում են. տղամարդկանց մոտ՝ ստամոքսի քաղցկեղ (350), միզապարկи (325), շագանակագեղձи (317), հաստ աղիքի քաղցկեղ (234): Կանանց մոտ՝ արգանդի վզիկի քաղցկեղ (299), հաստ աղիքի քաղցկեղ (263), ստամոքսի (226) եւ ձվարանների քաղցկեղ (211):

2013.թ-ին քաղցկեղային հիվանդների ամենաբարձր թիվը գրանցվել է Երեւանում՝ 2863 (1341 տղամարդ եւ 1522 կին): Մարզերից առաջատարը Լոռու մարզն է՝ 853 (403 տղամարդ եւ 432 կին), նրան հաջորդում է Շիրակի մարզը՝ 746 (402 տղամարդ եւ 344 կին), իսկ քաղցկեղային հիվանդացությամբ երրորդ տեղում է Կոտայքի մարզը՝ 742 (390 տղամարդ եւ 352 կին):

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան եւ Ուռոցքաբանության ազգային կենտորնի տնօրեն Հայրապետ Գալստյանը տարեսկզբին հայտնել էր լրագրողներին, որ ըստ մասնագետների հաշվարկների 2022թ.-ին Հայաստանում կգրանցվի քաղցկեղային հիվանդությունների 10 000 նոր դեպք: Ինչպես եւ հիմա, 10 տարի հետո նույնպես ավելի հաճախ կլինեն թոքերի, կրծքագեղձի, միզապարկի եւ շագանակագեղձի քաղցկեղի դեպքերը: Ըստ նրա՝ եթե 2002 -ին 100 000 բնակչության թվին բաժին էր ընկնում 179 ուռուցքաբանական հիվանդ, ապա 10 տարի անց այդ թիվն աճել է մինչեւ 240:

2022 թվականին Հայաստանում կգրանցվի քաղցկեղային հիվանդությունների 10 հազար նոր դեպք

Համաձայն ԱՀԿ զեկույցի՝ մոտակա երկու տասնամյակում քաղցկեղով հիվանդացողների թիվն ամեն տարի կաճի 22 միլիոնով: 2012 թվականին այդ թիվն աճել է 14 միլիոնով: Այսպիսի մասշտաբների դեպքում ուռուցքներից մահացությունը կարող է հասնել տարեկան 13 միլիոնի:

Քաղցկեղով նոր հիվանդների թիվը հաջորդ տասնամյակում կաճի տարեկան 22 միլիոնով



© NEWS.am Medicine