Ի՞նչն է ստիպում կանանց մտածել սեքսի մասին

23:30   29 հունվարի, 2018

Գերմանիայի եւ Բելգիայի գիտնականների միջազգային խումբը պարզաբանել է, թե որ հորմոնն է ազդում կանանց՝ հակառակ սեռի նկատմամբ հակման վրա։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Daily պարբերականում։

Սաարի համալսարանի եւ Լիեժի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են մկների ուղեղի նշաձեւ մասը, որը պատասխանատու է նրանց զգացմունքային վիճակի եւ սեռական վարքի համար։

Դրանում հետազոտողները հայտնաբերել են նեյրոններ, որոնք զգայուն են կիսպեպտին հորմոնի նկատմամբ։ Դրանց ակտիվացումից հետո մկները սկսում են բարձր սոցիալական ակտիվություն դրսեւորել եւ ավելի մեծ ուշադրություն դարձնել հակառակ սեռին։

Ավելին, թեստերը ցույց են տվել, որ իջնում է անհանգստության մակարդակը։

Գիտնականները նշել են, որ էգ մկների մոտ կիսպեպտինի արտադրման վրա ազդում են արուների կողմից արձակվող ֆերոմոնները։  Սա, նրանց կարծիքով, հնարավորություն կտա սեքսուալ պաթոլոգիաներով տառապող կանանց համար համապատասխան դեղամիջոցներ ստեղծել։

Ավելի վաղ գիտնականները կիսպեպտինը կապում էին սեռային հասունացման եւ վերարտադրողական ֆունկցիայի կարգավորման հետ։

«Մինչ այդ մենք լավ չէինք պատկերացնում, թե ինչպես է ուղեղը միավորում ձվազատումը եւ սեռական հակումը: Հիմա հասկանում ենք, որ այս գործընթացները վերահսկվում են ուղեղի տարբեր մասերում գտնվող մեկ մոլեկուլի կողմից»,-եզրակացրել են գիտնականները:



© NEWS.am Medicine