ԱՄՆ-ում առաջին անգամ Քալիֆորնիայում կարող են դեղորայքային աբորտը թույլ տալ ուսանողական թաղամասերի տարածքում:
Համապատասխան օրենքը նահանգի Սենատն արդեն հաստատել է, հիմա այն պետք է հաստատի ասամբլեան:
Այսօր բժշկական կենտրոնները Քալիֆորնիայի 34 համալսարանական քաղաքների ուսանողուհիների հղիությունն ընդհատելու իրավունք չունեն: Եթե ուսանողուհին որոշում է աբորտ կատարել, նրան ուղարկում են ուսանողական թաղամասից դուրս գտնվող հիվանդանոց: Ինչպես հայտնում է Associated Press-ը, եթե օրենքն ընդունվի, 2020 թվականին համալսարանական բոլոր թաղամասերը դեղորայքային աբորտ կատարելու հնարավորություն կստանան:
Մասնավոր ներդրողների խումբն արդեն պատրաստ է մինչեւ 20 մլն դոլար ներդնել մեկնարկային ծախսերի համար, ներառյալ ՈՒՁՀ սարքավորման ձեռքբերումը եւ բուժանձնակազմի լրացուցիչ ուսուցումը:
Դեղորայքային աբորտը կատարում են մինչեւ 10-շաբաթական հղիությունը: «Ես համոզված եմ, որ բոլոր ուսանողուհիներն ի վիճակի են ինքնուրույն որոշել՝ ինչպես վարվել իրենց մարմնի հետ եւ երբ ընտանիք կազմել,- հայտարարել է օրինագծի հեղինակներից սենատոր Քոննի Լեյվան: - Ի վերջո, կանայք չեն զրկվում հիղիությունն ընդհատելու իրենց սահմանադրական իրավունքից միայն այն պատճառով, որ ուսանող են»:
Օրինագծի հեղինակների հաշվարկներով՝ յուրաքանչյուր թաղամասում ամեն ամիս 10-ից մինչեւ 17 ուսանողուհի դեղորայքային աբորտի որոշում կընդունի: