Հիվանդանոցում մահանալու հավանականությունն ավելի բարձր է հանգստյան օրերին ու գիշերները

10:28   1 փետրվարի, 2018

Հիվանդանոցում սրտի աշխատանքի կանգառից հետո հիվանդների ապրելիությունը զգալիորեն ցածր է գիշերային ժամերին ու հանգստյան օրերին, այս մասին են վկայում Journal of the American College of Cardiology ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։

«Սրտի աշխատանքի ներհիվանդանոցային կանգառների գրեթե 50 տոկոսը տեղի է ունենում «ոչ աշխատանքային» ժամերին։ Եթե մենք կարողանանք բարձրացնել ապրելիությունը ոչ աշխատանքային ժամերին սրտի աշխատանքի կանգառից հետո, դա  կարող է անդրադառնալ հսկայական քանակության հիվանդների կյանքի վրա»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ, բժիշկ Ուչեննա Օֆոման ՝ Փենսիլվանիա նահանգի Գայսիների բժշկական կենտրոնից։

Հետազոտողները ուսումնասիրել են 151 071 հիվանդների տվյալներ, որոնք 2000-2014 թթ ժամանակահատվածում սրտի աշխատանքի կանգառ են ունեցել։ Նրանք «ոչ աշխատանքային ժամանակ» են համարել 23։00-6։59 ժամանակահատվածը՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին, կամ էլ հանգստյան օրերի բոլոր ժամերը։ Իսկ աշխատանքային է համարվել երկուշաբթիից ուրբաթ 7։00-22։59 ժամանակահատվածը։

Պարզվել է, որ 2004-2014 թթ․ ընդհանուր առմամբ նման հիվանդների ապրելիությունը զգալիորեն բարձր է եղել թե աշխատանքային ժամերին , թե ոչ աշխատանքային ժամերին։ Այդուհանդերձ, ապրելիությունը զգալիորեն ցածր է եղել ոչ աշխատանքային ժամերին՝ հետազոտության վերջին տարվա ընթացքում բացարձակ տարբերությունը կազմել է 3․3 տոկոս։ 2009-ին այդ ցուցանիշը հասել էր 5․3 տոկոսի։

Հետազոտողները առանձնացրել են մի քանի գործոններ, որոնք կարող էին բացատրել նրանց եզրակացությունները։



© NEWS.am Medicine