Արտաքինի համար վտանգավոր 3 սովորույթ սննդակարգում

14:07   1 փետրվարի, 2018

Սխալ սննդակարգը մարդու արտաքինի վրա ավելի վաղ է անդրադառնում, քան առողջության, պնդում է բրիտանացի մաշկաբան Դենիել Գլասը: Նա մի քանի խորհուրդ է ներկայացրել սխալ սննդակարգի հետեւանքով արտաքինը չփչացնելու մասին:

Նիհարելու համար նախատեսված դիետաներ

Դենիել Գլասի խոսքով՝ մարդկանց մեծ մասի հիմնական սխալն ավելորդ քաշից ազատվելու համար խիստ դիետայի հետեւելն է: Առողջության համար նման դիետաները կարող են վտանգավոր լինել, արտաքինի համար՝ նույնպես: Բացի այդ, եթե քաղցած մնալու պատճառով մարդու մոտ սթրես եւ սննդարար նյութերի պակաս է առաջանում, մազաթափություն է սկսվում:

«Կալորիաներ չստանալու դեպքում մազերի մեծ մասն աճի ցիկլ է սկսում, ինչից հետո դրանք թափվում են՝ նորերին աճելու հնարավորություն տալու համար: Բայց նոր մազեր չեն աճում, քանի որ սնվելու բան չունեն: Այդ կերպ օրգանիզմը հարմարվում է խիստ դիետիկ սահմանափակումներին»,- պարզաբանել է մասնագետը:

Մսից եւ ածխաջրերից հրաժարում

Գլասը մեկ այլ խնդիր է համարում կարմիր մսից եւ ածխաջրերից հրաժարումը: Բժիշկը պնդում է, որ դա վնաս է հասցնում մաշկին: Կարմիր միսն ու ածխաջրերով հարուստ շատ մթերքներ երկաթի աղբյուր են, որի պակասը նպաստում է մազաթափությանն ու մաշկն ավելի գրգռված դարձնում:

Վիտամինների պակաս

Շուրթերին ճաքերն ու բերանի շուրջ ցանը հաճախ կապված են ոչ բավարար քանակությամբ սննդարար նյութերի, առաջին հերթին՝ A, K, B վիտամինների օգտագործման հետ: Բժշկի խոսքով՝ մաշկի առողջությունը պահպանելու համար հարկավոր է ամեն օր բավարար քանակությամբ սպիտակուց, բարդ ածխաջրեր, ճարպեր, միրգ ու բանջարեղեն օգտագործել:



© NEWS.am Medicine