Բժիշկները հեռացրել են 57-ամյա կնոջ ձվարանի 34 կիլոգրամանոց ուռուցքը (ֆոտո)

22:23   1 փետրվարի, 2018

Կոստա Ռիկայում բնակվող 57-ամյա Սոնյա Լոպեզի ձվարանից բժիշկները հեռացրել են մեկուկես մետր տրամագծով ու 34 կիլիոգրամ քաշով ուռուցք։ Այս մասին գրում է Daily Mail-ը ։ «Սա ամենամեծ ուռուցքն է, որին մենք բախվել ենք տարածաշրջանում։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է 30 կիլոգրամանոց նորագոյացություն, իսկ այս ուռուցքը 34 կգ է կշռում»,- ասել է վիրաբույժ Պաբլո Սիբայան, որը վիրահատել էր Լոպեզին։

Պարբերականի տվյալներով՝ նորագոյացությունը 8 տարվա ընթացքում զբաղեցրել էր որովայնի խոռոչի 80 տոկոսը։ Դրան բաժին էր ընկնում կնոջ զանգվածի 27 տոկոսը։ Այդ ամբողջ ընթացքում կինը գիտեր իր հիվանդության մասին, սակայն հետաձգում էր այդ վիրահատությունը «անձնական պատճառներով»։

Հայտնում են, որ վիրահատությունը իրականացվել է հունվարի 29-ին։ Լոպեզին վիրահատել են Սան Խոսե քաղաքի Hospital Mexico հիվանդանոցում՝ միաժամանակ 5 վիրաբույժների մասնակցությամբ։

«Մինչ վիրահատությունը ես ինձ շատ հոգնած ու հիվանդ էի զգում։ Իմ ներկա ու այն ժամանակվա ինքնազգացողության միջեւ տարբերությունը նույնն է, ինչ Արեւից Երկիր հեռավորությունը։ Ես ասես նորից եմ ծնվել»,- պատմել է կինը։

 



© NEWS.am Medicine