Կովի կաթը կարող է ռեւմատոիդ արթրիտ առաջացնել. հետազոտություն

11:58   2 փետրվարի, 2018

Կաթը մշտապես համարվել է ոսկրերի առողջության համար ամենաօգտակար մթերքներից մեկը, քանի որ նրա մեջ մեծ քանակությամբ կալցիում է պարունակվում: Սակայն հիմա Կենտրոնական Ֆլորիդայի համալսարանի գիտնականները կաթի օգտագործումը կապել են ռեւմատոիդ արթրիտի զարգացման հետ: Նրանց խոսքով՝ կաթի եւ տավարի մսի մեջ հանդիպող բակտերիաների հատուկ ենթատեսակը (Mycobacterium avium subsp. Paratuberculosis, կամ MAP) կարող է այս հիվանդության զարգացում հրահրել:

Ռեւմատոիդ արթրիտը քրոնիկական աուտոիմունային հիվանդություն է, որի դեպքում առավելապես վնասվում են ձեռքերի եւ ոտքերի հոդերը:

Նշված գիտնականների նոր հետազոտությանը մասնակցել է ռեւմատոիդ արթրիտով 100 հիվանդ, որոնցից 80 տոկոսի մոտ առկա էր PTPN2/22 գենի մուտացիա: Նրանցից 40 տոկոսը վարակված էր MAP բակտերիաներով:

Ռեւմատոիդ արթրիտից բացի, հիշատակված միկրոօրգանիզմները պատասխանատու են նաեւ Կրոնի հիվանդության զարգացման համար (աղիների բորբոքային հիվանդություն):

Եթե կաթի մեջ պարունակվող բակտերիաների եւ ռեւմատոիդ արթրիտի միջեւ կապն ապացուցվի, բացառված չէ, որ բժիշկները սկսեն այս հիվանդությունների նկատմամբ հակվածություն ունեցող մարդկանց խորհուրդ տալ կաթ եւ տավարի միս ավելի հազվադեպ օգտագործել: Աուտոիմունային հիվանդությունների զարգացման մեջ MAP-ի դերակատարումը հասկանալը կօգնի բուժումն ավելի արագ եւ արդյունավետ անցկացնել:



© NEWS.am Medicine