Արա լեռան վրա վերելքի ժամանակ տուժած արշավականները վիրահատվել են

20:24   2 փետրվարի, 2018

Արա լեռան վրա վերելքի ժամանակ լուրջ վնասվածքներ ստացած 22-ամյա Հրաչյա Հարությունյանին եւ 38-ամյա Էդգար Նավասարդյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է օրթոպեդիայի եւ սպորտային վնասվածքաբանության բաժանմունքի ղեկավար Սահակ Սարիբեկյանը։

Հրաչյա Հարությունյանին վիրահատել են երեկ՝ կոտրված անրակի օսթեոսինթեզ են կատարել։ Մասնագետների եւ արշավականի հարազատների խոսքով՝ նա հիմա իրեն լավ է զգում եւ շուտով կարող է վերադառնալ տուն։

Էդգար Նավասարդյանին վիրահատել են այսօր, նա ավելի լուրջ վնասվածքներ էր ստացել՝ կոտրվել էին ազդրոսկրերն ու սրունքի ոսկորները, բժիշկներից պահանջվել է 4 ժամ, որպեսզի մետաղական ինտրամեդուլյար ձողերով վնասված ոսկորները հավաքեն։

«Շատ բարդ վիրահատություն էր, սակայն վիրահատության նպատակին հասել ենք եւ արդյունքից գոհ ենք։ Մենք լավատեսորեն ենք տրամադրված, կարծում եմ, նրա հետ ամեն ինչ նորմալ կլինի»,-նշել է բժիշկը։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Արա լեռը բարձրանալիս 18 հոգանոց խումբը ձնաբքի մեջ էր ընկել: Արշավախմբի անդամներից մեկը՝ Նաիրուհի Սիմոնյանը, մահացել է, 22-ամյա Հրաչյա Հարությունյանն ու 38-ամյա Էդգար Նավասարդյանը մի շարք վնասվածքներ են ստացել:



© NEWS.am Medicine