Գրիպի ձեւափոխված վիրուսը կարող է կարեւոր դեր խաղալ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման մեջ: Այս մասին հայտնում են Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի հետազոտողները: Կենդանիների վրա կատարված փորձերի ընթացքում գրիպի վիրուսը քաղցկեղային բջիջները հաջողությամբ «սպանել» է:
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը ամենանենգ, մահացու եւ դժվար բուժվող հիվանդություններից է: Բանն այն է, որ քաղցկեղի այս ձեւը արագ է տարածվում, ինչի հետ է կապված նաեւ դեղամիջոցների նկատմամբ ռեզիստենտությունը:
Լոնդոնցի հետազոտողները գրիպի վիրուսը գենետիկորեն փոխել են, որը պարունակում է alpha v beta 6 մոլեկուլի հետ կապվող լրացուցիչ սպիտակուց: Այս մոլեկուլն առկա է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղային բջիջներում: Դրա հետ կապվելով՝ գրիպի վիրուսը սկսում է բջջի մեջ բազմանալ՝ բերելով դրա ոչնչացման: Մարդու քաղցկեղային բջիջներով մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ այս մեթոդը միանգամայն հաջող է, ձեւափոխված վիրուսը կարող է ուռուցքները ոչնչացնել:
Գիտնականների խոսքով՝ եթե նման հաջողությունների հասնեն մարդկանց փորձնական բուժումների ժամանակ, ապա կարելի է վստահաբար հայտարարել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով հիվանդների բուժման բազմախոստումնալից թերապիայի մասին: