Ես արդեն 20 տարի չեմ ծխում, եւ իմ 3 որդիներից ոչ մեկը չի ծխում. բժիշկ-ուռուցքաբան

16:41   3 փետրվարի, 2018

Ծխելու եւ քաղցկեղի միջեւ ուղիղ կապ կա, Քաղցկեղի դեմ պայքարի օրվան նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգորի Բադալյանը:

Նրա խոսքով՝ 19-րդ դարում բժշկության մեջ թոքերի քաղցկեղը հիշատակվում էր որպես հազվագյուտ հիվանդություն, 20-րդ դարի կեսին թոքերի քաղցկեղի դեպքերը հաճախակիացան, սակայն ծխելն ու օնկոլոգիան ոչ մի կերպ միմյանց չէին կապում: Անգլիայում, որտեղ այդ ժամանակ ծխում էր բնակչության 80 տոկոսը, եւ մյուս «ծխող» երկրներում կապն ավելի ուշ հայտնաբերվեց:

«Այսօր բոլորը գիտեն, որ ծխելը թոքերի քաղցկեղ է առաջացնում, ինպես նաեւ քաղցկեղի այլ տեսակներ՝ ստամոքսի, միզապարկի եւ այլն: Սակայն, բնականաբար, ամենատարածվածը թոքերի քաղցկեղն է, եւ մեծ մասամբ պատճառը հենց քաղցկեղ առաջացնող նիկոտինն է: Այս պահին Հայաստանում տղամարդկանց մոտ այս ախտորոշումն առաջին տեղում է»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանի հիմնական խնդիրներից մեկը՝ հիվանդների ուշացած դիմելն է, երբ քաղցկեղն արդեն վիրահատման չենթարկվող փուլում է:

Գրիգորի Բադալյանը նշեց նաեւ, որ մեծ նշանակություն ունի, օրինակ, որ շատ հաճախ ծխող ծնողները երեխաներին վատ օրինակ են ծառայում: «Այն ընտանիքներում, որտեղ ծնողները ծխում են, երեխաները նույնպես կծխեն: Ես արդեն 20 տարի չեմ ծխում, եւ իմ 3 որդիներից ոչ մեկը չի ծխում»,- ասաց նա:



© NEWS.am Medicine