Ուռուցքաբանության ազգային կենտրոնի քիմիաթերապիայի նոր բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի (ֆոտո)

18:59   3 փետրվարի, 2018

Այսօր Հայաստանում պետպատվերի շրջանակում ապահովվում է ուռուցքաբանության պահանջմունքի մոտ 20 տոկոսը: Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով երկրի ծանր ֆինանսական վիճակը եւ աշխարհաքաղաքական բարդ իրադրությունը, այսօր անհնար է հույս ունենալ, որ ուռուցքային հիվանդությունների բուժման համար անհրաժեշտ բոլոր ծախսերը պետությունը կվճարի: Եվ հաճախ քննադատում են, թե ինչու մեր երկրի քաղաքացիները չեն կարողանում լիարժեք բուժում ստանալ ու դեղերով ապահովված չեն, հավելեց նա:

Այդուհանդերձ, Կենտրոնի տնօրենի խոսքով, «կառավարման մոդելի փոփոխությունը, նոր մոտեցումները, ստվերի կրճատումը իրենց պտուղները տվել են»: Դրա շնորհիվ Կենտրոնին հաջողվել է 820  մլն դրամի ներդրումներ կատարել եւ մի շարք բաժանմունքներ ու սարքավորումներ թարմացնել:

Արմեն Տանանյանը նշեց, որ քաղցկեղով հվանդացությունն աճում է ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ ամբողջ աշխարհում: Եվ ուռուցքաբանության հիմնական խնդիրն է վաղ փուլերում հիվանդության հայտնաբերումը, ինչը հանգեցնում է ապրելիության ցուցանիշների նկատելի աճի: Քաղցկեղի որոշ ձեւերի վաղ փուլերում հայտնաբերման դեպքում ողջ մնալու հավանականությունը հասնում է 90-95 տոկոսի, եւ այսօր Հայաստանում 40 հազար մարդ կա, որոնք քաղցկեղը  վերապրել են:

Տնօրենը լրագրողներին ցույց տվեց քիմիաթերապիայի նոր բաժանմունքը, որը տեղակայված է 7-րդ հարկում՝ 3 թեւերում եւ զբաղեցնում է 3000 քառ.մետր մակերես: Մի թեւում տեղակայվել են բժիշկները եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքը, երկրորդ թեւում՝ 20 մահճակալով ստացիոնարը, իսկ երրորդ՝ 60 մարդու համար ցերեկային ստացիոնարը: Այսինքն՝ նոր բաժանմունքում օրական կարող է քիմիաթերապիա ստանալ 80-100 մարդ: Բաժանմունքը առաջին հիվանդներին կընդունի երկուշաբթիից:

Արմեն Տանանյանը հայտնեց, որ Հայաստանում տարեկան կատարվում է քիմիաթերապիայի 5000-7000 կուրս, եւ դրա 80 տոկոսը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

Լրագրողներին ցույց տվեցին նաեւ ճառագայթային թերապիայի նոր ամերիկյան համալիրը՝ Varian Clinac iX, որն այսօր Հայաստանում միակն է: Տնօրենի խոսքով՝ Կենտրոնը գերժամանակակից սարքը ձեռք է բերել մասնավոր եւ պետական հատվածների համագործակցության շնորհիվ իրանական՝ Varan Parto Darman ընկերության աջակցությամբ:

Կենտրոնի ճառագայթային բաժանմունքի ղեկավար Թաթուլ Սաղաթելյանը պատմեց, որ 2017 թվականի արտադրության Varian Clinac iX ճառագայթային թերապիայի հեռակառավարվող համալիրը հնարավորություն կտա ուռուցքը բարձր դոզայով ճառագայթել թիրախային կերպով՝ առավելագույնս պահպանելով  շրջակա հյուսվածքները: Սա բազմաէներգետիկ համալիր է, որը էներգետիկ մի քանի մակարդակներում 2 տեսակի ճառագայթում է ստանում՝ ֆոտոնային եւ էլեկտրոնային:

Նրա խոսքով՝ առաջին հիվանդը նոր համալիրի կիրառմամբ ճառագայթային թերապիա կստանա արդեն հաջորդ շաբաթ, ըստ որում՝ արտադրողի հետ պայմանավորվածություն կա, որ ֆիրմայի ներկայացուցիչը ներկա կլինի առաջին արձակմանը:

Արմեն Տանանյանը հայտնեց, որ ամբողջ աշխարհում ճառագայթային թերապիան շատ թանկ արժե. Եվրոպայում՝ 25 հազար եվրո եւ ավելի, տարածաշրջանի երկրներում՝ 8 հազար դոլար եւ ավելի: Վրաստանում համավճարով այն արժե 4 հազար դոլար: Հայաստանում վճարովի հիմունքներով այս բուժումը կարժենա 3 հազար դոլար, իսկ հվանդների մի մասը բուժումը կստանա պետպատվերի շրջանակում:

Կենտրոնի եւս մեկ նորույթն էլ թվային մամոգրաֆն է՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system, որը տեղադրվել եւ գործում է 2016 թվականի ամառվանից:

[gallery id=109]

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի



© NEWS.am Medicine