Ալկոհոլը քաղցկեղի 7 տեսակ է առաջացնում. ԱՀԿ

10:23   5 փետրվարի, 2018

Ալկոհոլային ըմպելիքները կարող են առաջացնել քաղցկեղի նվազագույնը 7 տեսակ՝ աղիների (խթաղիի եւ ուղիղ աղիի), կրծքագեղձի, կերակրափողի, խռչակի, լյարդի, բերանի խոռոչի եւ կոկորդի քաղցկեղ: Այս մասին նշված է ալկոհոլի օգտագործման եւ մի շարք ուռուցքային հիվանդությունների կապի մասին ԱՀԿ նախազգուշացման մեջ, որը նվիրված է փետրվարի 4-ին նշվող Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան:

ԱՀԿ-ն նշում է, որ ալկոհոլում գլխավոր քաղցկեղածինը էթանոլն է, որը վնասում է օրգանիզմի բջիջները եւ մեծացնում չարորակ վերասերման հավանականությունը: Ալկոհոլի եւ ծխախոտի միաժամանակյա օգտագործումը ուռուցքային հիվանդությունների հավանականությունը մի քանի անգամ մեծացնում է, ընդգծել են ԱՀԿ-ից:

ԱՀԿ-ում քաղզկեղի առաջացման հավանականության աճը կապել են նաեւ խմած ալկոհոլի քանակության հետ: Այսպես՝ կնոջ մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը 50 տոկոսով մեծանում է, եթե նա օրական 4 բաժակ գինի է խմում, եւ 130 տոկոսով, եթե օրական 8 բաժակ է խմում:

ԱՀԿ-ն նշում է սպիրտային խմիչքների եւ քաղցկեղի կապի մասին մարդկանց իրազեկվածության պակասը: Այսպես՝ նախկինում բրիտանացի հետազոտողների կատարած հետազոտությունը ցույց է տվել, որ նման կախվածությանը տեղյակ է հարցվածների միայն 13 տոկոսը:



© NEWS.am Medicine