Քաղցկեղից պաշտպանվելու երեք հասարակ միջոց

20:37   10 փետրվարի, 2018

Արդեն հիմա քաղցկեղը տարեկան 8․8 մլն մարդու կյանք է խլում, իսկ առաջիկա տասը տարիներին, մասնագետների խոսքով, քաղցկեղից մահացությունը կկրկնապատկվի։ Որոշ կանխատեսումներով՝ արդեն շատ շուտով քաղցկեղային հիվանդությունները կխլեն տարեկան 14 մլն մարդու կյանք։

Ռոնդեբոշ ուռուցքաբանական կենտրոնի առաջատար մասնագետների կարծիքով հիվանդացության ու մահացության ավելացմանը մեծամասամբ նպաստում է ժամանակակից մարդկանց կենսակերպը։

«Քաղցկեղի բազմաթիվ տեսակներ կապակցված են սննդակարգի ու կենսակերպի հետ»,- հայտնել են կենտրոնի բժիշկներ Գրեգ Հարթն ու Քարլ Ալբրեխտը։

Նրանց խոսքով՝ քաղցկեղային հիվանդությունների զարգացման հավանականությունը նկատելիորեն կրճատելու մի քանի հասարակ միջոց կա։

Սնունդ

Առաջին հերթին, մասնագետների խոսքով, պետք է սնվելու առողջ սովորություններ մշակել՝ շատ չուտել, զերծ մնալ ոչ բնական բաղադրիչներից, թարմ մթերքներ ընտրել, այլ ոչ թե պահածոյացված։ Վերամշակված կարմիր միսն, օրինակ (երշիկ, նրբերշիկ և այլն), պատկանում է քաղցկեղածին մթերքների շարքին, դրա համար էլ ցանկալի է այն ամբողջովին բացառել սննդակարգից։ Իսկ ահա թարմ մրգերն ու բանջարեղենը, հակառակը, օգտակար են առողջության համար, ու հենց դրանք պետք է կազմեն սննդակարգի հիմքը։

Արև

Կարևոր է նաև խուսափել ագրեսիվ ուլտրամանուշակագույն ճառագայթումից ու օգտվել արևապաշտպան միջոցներից։ Հենց ուլտրամանուշակագույն ճառագայթումն է հաճախ հանգեցնում մելանոմայի զարգացմանը՝ շատ ագրեսիվ քաղցկեղ, որը ախտահարում է ամբողջ մաշկը։ Առողջության համար հատկապես վտանգավոր են սոլյարիները, բայց բացօթյա արևայրուքը նույնպես կարող է քաղցկեղի զարգացման պատճառ դառնալ։

Ծխելը

Քաղցկեղը կանխելու երրորդ գործոնը, ըստ գիտնականների, ծխելն է։ Հենց ծխելու պատճառով է մեծամասամբ զարգանում թոքերի քաղցկեղը՝ քաղցկեղի ամենատարածված տեսակը, այդ թվում՝ Հայաստանում։  Ավելին՝ ծխելը, ինչպես գիտեք, կարող է հանգեցնել նաև միզապարկի, բերանի խոռոչի ու կոկորդի քաղցկեղի։



© NEWS.am Medicine