Օնկոլոգիական հիվանդություններ եւ թրոմբոզներ. ի՞նչու են նրանք փոխկապակցված

19:30   6 փետրվարի, 2018

Օնկոլոգիական հիվանդություններով տառապող պացիենտների մոտ թրոմբոզների զարգացման ռիսկն ավելի բարձր է՝ քան միջինում պոպուլյացիայում: Համարվում է, որ օնկոլոգիական հիվանդություններով տառապող պացիենտների շուրջ 20 տոկոսը վաղ թե ուշ բախվում է թրոմբոզներին, ընդ որում՝ քաղցկեղի մի քանի տեսակների դեպքում  թրոմբոզների ձեւավորումն ավելի բարձր է, քան մյուսների պարագայում:

Մոսկվայի արյունաբանական կենտրոնի գիտական քարտուղար Հունան Ջուլհակյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արյան շրջանառության խանգարումները եւ թրոմբոզները հանդիպում են ինչպես արյան ուռուցքային հիվանդությունների, այնպես էլ ցանկացած այլ օնկոլոգիական հիվանդության պարագայում: Առաջին դեպքում  թրոմբոզների հայտնվելուն բերում է արյունաստեղծ համակարգի եւ արյան բաղադրության խախտումները, երկրորդ դեպքում ուռուցքը կարող է ճնշել երակները, դանդաղեցնել արյան հոսքը, այդպիսով, նպաստելով թրոմբոզների առաջացմանը: Բացի այդ, ցանկացած ուռուցք արտադրում է, այսպես կոչված, պրոկոագուլյանտներ՝ թրոմբոզների ձեւավորումն արագացնող նյութ:

Մասնագետի խոսքով՝ երբեմն թրոմբոզը պացիենտի մոտ առաջանում է օնկոլոգիական  հիվանդությունից էլ շուտ: Այդ պաատճառով մի քանի դեպքերում պացիենտների մոտ թրոմբոզների հայտնաբերման դեպքում խորհուրդ է տրվում նրանց մոտ փնտրել օնկոլոգիական հիվանդություն:

Մասնագետի փոխանցմամբ՝ հաշվի առնելով օնկոլոգիական հիվանդությունների պարագայում թրոմբոզների ձեւավորման բարձր ռիսկը՝ խորհուրդ է տրվում  քիմիաթերապիայի մեջ ուղղումներ մտցնել եւ անհրաժեշտության դեպքում բուժման մեջ ներառել ուցիղ կամ անուղղակի ազդեցությամբ հակակոագուլյանտներ՝ պացիենտներին թրոմբոզներից զերծ  պահելու համար:



© NEWS.am Medicine