Դիաբետով տառապող կանանց դաշտանադադարն ավելի վաղ է սկսվում

14:11   7 փետրվարի, 2018

Դիաբետով տառապող կանանց մոտ դաշտանադադարն ավելի վաղ է սկսվում, քան նրանց, ովքեր դիաբետով հիվանդ չեն, պնդում է Գերմանական դիաբետիկ միության փորձագետ, պրոֆեսոր Պետրա Մարիա Շումմ-Դրեգերը: Նրա խոսքով՝ դիաբետով հիվանդ կանանց ձվաբջիջների պաշարն ավելի արագ է սպառվում, ինչն էլ բերում է ավելի վաղ դաշտանադադարի:

Էստրոգենի մակարդակի նվազումն, իր հերթին, կարող է արյան մեջ շաքարի մակարդակի զգալի տատանումներ առաջացնել՝ վատթարացնելով դիաբետիկ կանանց վիճակը: Պրոֆեսորի խոսքով՝ այս բոլոր պահերը անհրաժեշտ է հաշվի առնել այդպիսի հիվանդներին հետազոտելիս եւ բուժելիս:

Դաշտանադադարը սկսվելուն պես կնոջ օրգանիզմում նկատվում է էստրոգեն հորմոնի մակարդակի նվազում, որը նաեւ ազդում է ինսուլինի նկատմամբ զգայունության վրա: Հիվանդ կանանցից շատերն այս մասին չգիտեն եւ անպատրաստ են դրա հետ կապված արյան մեջ գլյուկոզայի պարունակության տատանումներին:

Այս խնդրին բախվում են նաեւ այն հիվանդները, որոնք նախկինում դեղերի միջոցով իրենց հիվանդությունը լավ վերահսկել են: Որոշ դեպքերում էստրոգենի մակարդակը շատ կտրուկ է նվազում, որին հավելվում է նաեւ ուժգնացած սթրեսը, որը պայմանավորված է քնի խանգարումներով եւ «մակընթացության» նոպաներով: Այս պատճառով բժիշկները, պրոֆեսորի խոսքով,  պարտավոր են հիվանդ կանանց նախապատրաստել համանման դրսեւորումներին: Խոսքը ոչ միայն մանրամասն տեղեկատվության մասին է, այլեւ կանանց նոր, պակաս կալորիական սննդակարգի անցնելուն տրամադրելու անհրաժեշտության, որը կօգնի դիաբետը վերահսկել եւ ինքնազգացողությունը բարելավել:



© NEWS.am Medicine