Նոր տեխնոլոգիան կարող է արագացնել վերքերի առողջացումը

17:58   9 փետրվարի, 2018

Uppsala University-ի եւ SLU-ի գիտնականները վերքերի առողջացումն արագացնող նոր միջոց են գտել: Խոշոր եւ քրոնիկական վերքերի բուժումը միշտ բարդ եւ թանկարժեք պրոցես է եղել. վերքերի խնամքը սահմանափակվում է մեխանիկական մշակմամբ, վիրակապեր դնելով եւ մեծ քանակությամբ հակաբիոտիկներով, որոնք անհրաժեշտ են ինֆեկցիայի կանխարգելման համար:

Նշված հետազոտողները քեմոքիններ (հատուկ սպիտակուցներ) արտադրելու եւ վնասված հատվածներ հասցնելու համար օգտագործել են կաթնաթթվային բակտերիաները: Վերքի առողջացման պրոցեսի արագացումը տեղի է ունեցել օրգանիզմի իմունային բջիջների վրա CXCL12 քեմոքինի ազդեցության շնորհիվ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս վերքի մեջ երկար ժամանակի ընթացքում քեմոքինների մշտական մակարդակ պահպանել:

Կաթնաթթվային բակտերիաները վերքի մեջ նվազեցնում են նաեւ pH-ի մակարդակը, ինչի հետեւանքով մեծանում է CXCL12 քեմոքինի բիոհասանելիությունը (հյուսվածքների մեջ թափանցելու ունակությունը): Մասնագետների առաջարկած եւ PNAS գիտական ամսագրում հրապարակված մեթոդը վիրավորման տեղում իմունային բջիջների քանակությունը եւ հատուկ աշխատանքը վերահսկելու հնարավորություն է տալիս:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հայտնագործությունը կարող է շատ մարդկանց օգնել, որոնք տառապում են քրոնիկական վերքերի պատճառով:



© NEWS.am Medicine