Աբխազիայից հիվանդը սրտի բարդ վիրահատությունը վստահել է հայ մասնագետին

22:33   8 փետրվարի, 2018

Աբխազիայի քաղաքացի Մալիա Ալխասը սրտի բնածին արատ ուներ, եւ սրտի բարդ վիրահատությունը որոշեց վստահել «Աստղիկ» բուժկենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Մհեր Սուսանիին:

Վիրաբույժի խոսքով՝ հիվանդը սրտի մի քանի արատ ուներ. միջփորոքային միջնապատի արատ, թոքային զարկերակի նեղացում, աջ փորոքի պատերի հաստացում եւ աորտայի առանցքի շուրջ պտույտ: Մհեր Սուսանին նշում է, որ նման արատները պետք է վիրահատվեն մինչեւ հիվանդի 6 տարեկան դառնալը, հակառակ դեպքում լուրջ խնդիրներ են առաջանում, որոնք ավելի են բարդացնում վիրահատությունը:

Աբխազիայում չեն կարողացել ժամանակին վիրահատություն կատարել պայմանների բացակայության պատճառով: Արդյունքում հիվանդը Հայաստան է եկել նման վիրահատության համար բավական մեծ տարիքում:  «Վիրահատությունը բարեհաջող անցավ, հաջորդ օրը խողովակը հանվեց, 48 ժամ անց հիվանդը սկսեց քայլել», - ասում է Մհեր Սուսանին։

Ի դեպ՝ Մալիա Ալխասը միակ հիվանդը չէ, որ Աբխազիայից բուժման է գալիս Հայաստան. բուժօգնությունն այստեղ մատչելի է, որակը՝ եվրոպական չափանիշներին համապատասխան:

Այստեղ բուժում է ստացել նաեւ Ալխասի քույրը եւ եղբորը խորհուրդ տվել խնդիրը լուծելու համար հենց Հայաստան գալ: «Բուժանձնակազմն այստեղ շատ լավն է, գոհ եմ վիրահատության արդյունքից, լավ եմ զգում ինձ: Եթե ամեն ինչ լավ ընթանա, հավանաբար շուտով տուն՝ Աբխազիա կվերադառնամ»,- ասում է Մալիա Ալխասը:

 



© NEWS.am Medicine