Քաղցկեղի ամենատարածված 3 տեսակները՝ Հայաստանում, Էստոնիայում եւ Ղրղզստանում

18:02   8 փետրվարի, 2018

Հայաստանում տղամարդկանց շրջանում քաղցկեղի առավել տարածված տեսակը թոքերի քաղցկեղն է, իսկ կանանց շրջանում՝ կրծքագեղձի քաղցկեղը: Այս մասին «Օնկոլոգիական հիվանդությունների խնդիրը, դրանց կանխարգելումը եւ բուժման ժամանակակից մեթոդները» թեմայով Մինսկ-Բիշքեկ-Երեւան-Քիշնեւ-Տալլին տեսակամուրջի ժամանակ ասաց հայ ռադիոլոգ Հովհաննես Վարդեւանյանը:

Նրա խոսքով՝ կանանց շրջանում տարածվածությամբ երկրորդ տեղում է արգանդի վզիկի քաղցկեղը, իսկ երրորդ՝ կոլորեկտալ քաղցկեղը:

Ինչ վերաբերում է տղամարդկանց, նրանց շրջանում երկրորդ տեղում է շագանակագեղձի քացկեղը, իսկ երրորդ տեղում է, ինչպես կանանց դեպքում, կոլորեկտալ քաղցկեղը: Հետաքրքիր է, որ աշխարհի շատ երկրներում տղամարդկանց շրջանում շագանակագեղձի քաղցկեղը առավել տարածված քաղցկեղի տեսակն է: Սակայն Հայաստանում այս հիվանդությունը նկատելիորեն զիջում է թոքերի քաղցկեղին, որը, մասնագետների կարծիքով, այդքան տարածված է երկրում մեծ թվով ծխողների առկայության պատճառով:

Ինչպես տեսակամուրջի ժամանակ նշեց Տալլինից քիմիաթերապեւտ-ուռուցքաբան Օլգա Կոնովալովան, Էստոնիայում անցյալ դարի 90-ական թվականների համեմատությամբ՝ թոքերի քաղցկեղով հիվանդացությունը նկատելիորեն նվազել է՝ հիմնականում ծխելուց հրաժարվելու ակտիվ քարոզչության շնորհիվ: Էստոնիայում տղամարդկանց շրջանում առաջին տեղում է շագանակագեղձի քաղցկեղը, երկրորդ՝ թոքերի քաղցկեղը, երրորդ՝ մաշկի քաղցկեղը: Էստոնիայում կանանց շրջանում շատ տարածված է մաշկի քաղցկեղը եւ զբաղեցնում է առաջին տեղը, որին հաջորդում են՝ կրծքագեղձի քաղցկեղը եւ կոլորեկտալ քաղցկեղը:

Ինչպես, իրենց հերթին, նշեցին Բաքիթ Շաիմբեթովը եւ Կուբանիչբեկ Կալմամատովը, Ղրղզստանում տղամարդկանց շրջանում առավել տարածված է ստամոքսի քաղցկեղը, երկրորդ տեղում է թոքերի քաղցկեղը, երրորդ՝ լյարդի քաղցկեղը, իսկ չորրորդ՝ մաշկի քաղցկեղը: Կանանց շրջանում առաջին տեղում է կրծքագեղձի քաղցկեղը, որին հաջորդում են՝ արգանդի վզիկի քաղցկեղը, ստամոքսի քաղցկեղը եւ արգանդի մարմնի քաղցկեղը:



© NEWS.am Medicine