Ի՞նչ է պետք ուտել ատամների առողջությունը պահպանելու համար

17:21   11 փետրվարի, 2018

Ի՞նչ սննդամթերք է պետք գործածել իդեալական ատամներ ունենալու համար։ Սիդնեյցի ատամնաբույժ Լյուիս Էրլիչը իր տեսակետն է պատմել այդ մասին, նաեւ ներկայացրել իր սննդակարգը։

Ատամնաբույժի խոսքով, ամեն առավոտ ինքն արթնանում է առավոտվա ժամը 6-ին և  միանգամից ուտում է մեկ խնձոր։ Դրանից հետո նա ձվածեղ է պատրաստում մեծ քանակության բանջարեղենով։ Ճաշին բժիշկ Էրլիչը նախընտրում է ուտել բանջարեղենային աղցան՝ հավով կամ սպիտակուցի որեւէ այլ աղբյուրով, իսկ որպես հետճաշիկ նա սովորաբար ընդեղեն է ուտում ու մուգ շոկոլադ։

Աշխատանքից հետո բժիշկ Էրլիչը մարզասրահ է գնում կամ էլ հեծանիվ վարում և վազում։ Նաեւ նա պաշտում է լողը, հաճախում է յոգայի դասընթացներ ու ժամանակ անցկացնում  սաունայում։ Նրա ընթրիքը բաղկացած է մեծ քանակությամբ բանջարեղենից, ձկից, հավից կամ կարմիր մսից։ Երեկոյան Լյուիսը նաեւ սիրում է դառը շոկոլադ ուտել։ Ընդ որում նա քունն իր օրվա կարեւոր մասն է համարում։ Սովորաբար  բժիշկ Էրլիչը պառկում է քնելու ինն անց կեսին, ու ընդամենը մեկ ժամից արդեն քնած է լինում։ Հանգստյան օրերին նա ձգտում է առավոտ շուտ արթնանալ ու մարզվել, որպեսզի ամբողջ օրն իրեն առույգ զգա։

Այս ատամնաբույժը, իր իսկ խոսքով, կյանքը չի պատկերացնում առանց ձվի, բանջարեղենի ու դառը շոկոլադի, նա հաճախ է  մի ճաշից մյուս ճաշն ընկած հատվածներում ուտում նուշ, նեխուր ու գազարի ձողիկներ։ Չնայած բժիշկ Էրլիչը ատամնաբույժ է, բայց նա շեշտում է սննդի հարցում հավասարակշռությունը պահպանելու կարեւորությունը ու մարդկանց խորհուրդ է տալիս երբեք չձգտել կատարելության, երբեմն էլ իրեն թույլ է տալիս որոշ շեղումներ առողջ սննդակարգից՝ օրինակ շոկոլադ կամ պիցցա։

Նաեւ բժիշկ Էրլիչը պաշտում է կանաչ թեյը, քանի որ այն բարերար է ազդում լնդերի առողջության ու բերանից տհաճ հոտի վերացման վրա։ Եթե դուք չեք կարողանում ապրել առանց ալկոհոլի ու գազավորված ըմպելիքների, ապա ատամի էմալի վնասման հավանականությունը կարելի է նվազեցնել՝ բաժակի մեջ հավելելով մի քանի կտոր սառույց, որպեսզի ավելացնեք ջրի պարունակությունը, իսկ այդ ըմպելիքների գործածումից հետո ջուր խմեք։ Նաեւ գործածեք շաքար չպարունակող ծամոն, որից  կես ժամ հետո մաքրեք ատամները։



© NEWS.am Medicine