Գրիպի դեմ նոր դեղամիջոցը հիվանդությունը մեկ օրում բուժում է

11:24   14 փետրվարի, 2018

Ճապոնական դեղագործական Shionogi ընկերությունը բալոկսավիր-մարբոկսիլ դեղամիջոց է մշակել, որը մեկ օրում գրիպը բուժում է: Դեղի արդյունավետությունը, որը դեռեւս շուկայում չկա, ապացուցվել է կլինիկական փորձերով, հայտնում է Science Alert պարբերականը:

Մասնագետները կատարել են պատահականության սկզբունքով կրկնակի «կույր» պլացեբո-վերահսկիչ CAPSTONE-1 փորձ, որին մասնակցել է 1436 գրիպով հիվանդ մարդ: Նման համակարգի դեպքում ոչ միայն հիվանդները, այլ նաեւ իրենք՝ փորձարկողները փորձերի ժամանակ չգիտեն, թե որ խմբում կօգտագործվի այս կամ այն դեղամիջոցը:

Կամավորներին պատահականության սկզբունքով 3 խմբի են բաժանել. մեկում հիվանդները մեկ անգամ ընդունել են 40-80 միլիգրամ բալոկսավիր-մարբոկսիլ, երկրորդ խմբում մարդիկ 5 օր բուժվել են 75 միլիգրամ օսելտամիվիրով (տամիֆլյու), իսկ երրորդ խմբում  (ստուգիչ խումբ) ընդգրկվածներն ընդունել են պլացեբո:

Արդյունքները ցույց են տվել, որ առաջին խմբում գրիպով հիվանդների թիվը երկրորդի համեմատությամբ զգալիորեն նվազել է: Ըստ որում՝ օրգանիզմում վիրուսը ոչնչացնելու համար ժամանակը կազմել է 24 ժամից մի փոքր ավելի: Օսելտամիվիր ընդունելիս 72 ժամ էր պահանջվում, իսկ պլացեբո՝ 96 ժամ: Դրանից բացի, նոր դեղամիջոցով բուժումը բերել է բարդությունների հավանականության նվազման:

Shionogi-ն բալոկսավիր-մարբոկսիլի վաճառքի հավանություն ստանալու հայտ կներկայացնի այս տարի: Սպասվում է, որ դեղամիջոցը հասանելի կլինի 2019 թվականին:



© NEWS.am Medicine