Դիաբետի բուժման համար ցողունային բջիջներ են ստացվել

20:49   30 ապրիլի, 2014

Առաջին անգամ գիտնականները առաջին տիպի շաքարային դիաբետով հիվանդ մարդու մաշկի բջիջներից ցողունային բջիջներ են ստացել: Այս արդյունքը խոստանում է մոտ ապագայում շաքարային դիաբետով հիվանդներին ազատել ինսուլինային կախվածությունից: Իրենց հետազոտության մասին հոդվածը նրանք հրապարակել են Nature ամսագրի վերջին համարում:

ԱՄՆ-ի հետազոտողների խումբը հայտնել է, որ նրանց առաջին անգամ հաջողվել է վերածրագրավորել մարդու մաշկի բջիջները եւ դրանք ցողունային բջիջների վերածել, որոնք հնարավորություն ունեն հետագայուն վերածվելու տարբեր հյուսվածքների բջիջների:

Նրանց կողմից օգտագործած մեթոդը կոչվում է «սոմատիկ բջջի կորիզային տեղափոխում» (somatic cell nuclear transfer կամ SCNT), որի դեպքում բջջի կորիզը տեղափոխվում է չբեղմնավորված ձվաբջջի մեջ:

Հետազոտողները ցողունային բջիջներ են ստացել առաջին տիպի շաքարային դիաբետով (ինսուլին-կախյալ) հիվանդ չափահաս դոնորի մաշկի բջիջներից: Նրանց հաջողվել է ստանալ ոչ թե տրիպլոիդ, այլ դիպլոիդ բջիջներ, որոնք հետագայում պահպանել են տարբեր հյուսվածքների բջիջների վերածվելու հնարավորությունը՝ նեյրոնների, ենթաստամոքսային գեղձի բջիջների, աճառային բջիջների եւ այլն: Իսկ ամենակարեւորն այն է, որ դրանք կարող են վերածվել ինսուլին արտադրող բետա-բջիջների, այսինքն հենց այն բջիջների, որոնք անբավարար են դիաբետով հիվանդի օրգանիզմում:

Հեռանկարում կարող է այնպես լինել, որ SCNT մեթոդով բուժված հիվանդը հնարավորություն կունենա ազատվելու ինսուլինային կախվածությունից՝ անհրաժեշտ հորմոնը կարտազատեն իր սեփական նոր բջիջները:

Եթե արդյունքում այս մեթոդը կիրառելի լինի, ապա այն հնարավոր կլինի օգտագործել ոչ միայն դիաբետի, այլեւ այնպիսի հիվանդությունների բուժման համար ինչպիսիք են Պարկինսոնի հիվանդությունը, լյարդի հիվանդությունները, ցրված սկլերոզը, ինչպես նաեւ վնասված ոսկրերի վերականգնման եւ փոխարինման համար:

 



© NEWS.am Medicine