Կարո՞ղ են արդյոք քաղցկեղից բուժված երեխաներն ապագայում երեխաներ ունենալ

14:45   15 փետրվարի, 2018

Երեխաների շրջանում քաղցկեղային հիվանդությունները բուժելիս բավարար չէ պարզապես հիվանդության թուլացման հասնելը, անհրաժեշտ է նաեւ հնարավոր ամեն ինչ անել, որ առաջիկա տարիներին հիվանդությունը չկրկնվի, իսկ օրգանիզմի հիմնական ֆունկցիաները բուժման ընթացքում չվնասվեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արյունաբան Նատա Մելքիկյանը:

Մասնագետի խոսքով՝ արյան քաղցկեղային հիվանդությունները հաղթահարած երեխաները բուժումից հետո, որպես կանոն, վերադառնում են իրենց սովորական կյանքին, նորմալ մեծանում են, սովորում եւ անում այն ամենը, ինչ անում են հասակակիցները: Ավելին՝ նրանց մեծ մասը մեծանալով՝ ընտանիք է կազմում եւ սեփական երեխաներ ունենում:

Ինչպես նշեց մասնագետը, արյունաբանական ուռուցքների բուժումը, որպես կանոն, չի ազդում փոքրիկ հիվանդների ֆերտիլության վրա, այս պատճառով նրանք սովորաբար անպտուղ չեն դառնում: Ավելի շուտ պատճառներից մեկն այն է, որ այս երեխաները դեռեւս սեռական հասունացման տարիքի չեն հասել: Դրանից բացի, բժիշկները հնարավոր ամեն ինչ անում են բուժման կողմնակի էֆեկտները նվազագույնի հասցնելու համար: Եթե, օրինակ, ճառագայթային թերապիայի անհրաժեշտություն է առաջանում, մասնագետները հիվանդի սեռական օրգանները ճառագայթման ազդեցությունից  հատուկ վահաններով են ծածկում:

Երիտասարդ տղաների ֆերտիլությունը երբեմն կարող է տուժել լիմֆոմայի բուժման դեպքում, սակայն խնդիրներն առավել հաճախ ժամանակավոր բնույթ ունեն, եւ ժամանակի ընթացքում տղաների վերարտադրողական ֆունկցիաները վերականգնվում են:

Մասնագետը հիշեցրեց, որ Հայաստանում տարեկան գրանցվում է արյան չարորակ հիվանդությունների մոտ 35-40 դեպք: Դա հիմնականում սուր լեյկոզն է: Երեխաների մոտ լիմֆոմաներն ավելի հազվադեպ են հանդիպում՝ տարեկան մոտ 10 դեպք:

Արյունաբանական ուռուցքներով հիվանդների միջին տարիքն է 3-10 տարեկանը:



© NEWS.am Medicine