Մարդու որոշ գեներ նրա մահվանից հետո շարունակում են գործել

12:46   16 փետրվարի, 2018

Կենսաբանները պարզել են, որ որոշ գեներ շարունակում են գործել մարդու մահից հետո: Հետազոտողների հոդվածը հրապարակվել է Nature Communications ամսագրում:

Բարսելոնի Գիտության եւ տեխնոլոգիաների ինստիտուտից Ռոդերիկ Գուիդոյի ղեկավարությամբ գիտնականները անալիզի են ենթարկել դոնորի մահից հետո 24 ժամում վերցված հյուսվածքների նմուշները: Նրանք պարզել են մատրիցային ՌՆԹ-ի (մՌՆԹ) նուկլեոտիդային հաջորդականությունը, որը ակտիվ գեների արտադրանք է: Տվյալները համեմատել են արյան նմուշների հետ, որոնք վերցվել էին մինչեւ մահվան պահը:

Պարզվել է, որ որոշ գեներ շարունակել են գործել, ըստ որում՝ դրանց մի մասն ակտիվացել է սրտի կանգից հետո: Գիտնականների կարծիքով՝ բջիջն այս կերպ արձագանքում է թթվածնի պակասին, որը կապված է արյան մատակարարման դադարեցման հետ, սակայն երեւույթի ճշգրիտ պատճառները դեռեւս անհայտ են:

Մասնագետները հույս ունեն, որ հետազոտության արդյունքները թույլ կտան նոր մեթոդներ մշակել՝ ըստ ՌՆԹ մակարդակի որոշելու համար, թե մարդու մահվանից հետո որքան ժամանակ է անցել: Դրա համար լրացուցիչ հետազոտություններ կպահանջվեն, որոնցում կդիտարկվեն սրտի կանգից հետո անցած ավելի երկարատեւ ժամանակահատվածները, ինչպես նաեւ հաշվի կառնվեն տարիքը եւ մահվան պատճառները:



© NEWS.am Medicine