Հայրությունը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը. հետազոտություն

15:22   16 փետրվարի, 2018

Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ հայրությունը մեծացնում է վաղաժամ մահվան հավանականությունը: Նրանք այսպիսի եզրակացության են հանգել՝ ուսումնասիրելով միայնակ մնացած հայրերի կյանքի տեւողությունը: Գիտական հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Հետազոտությանը, որը տեւել է 11 տարի, Կանադայում 40,5 հազար մարդ է մասնակցել, այդ թվում՝ 4590 միայնակ մայր եւ 871 միայնակ հայր, որոնց միջին տարիքը 40 տարեկանն էր: Հետազոտության ընթացքում 700 մարդ մահացել է, ըստ որում՝ միայնակ ապրող տղամարդկանց շրջանում մահացությունը 3 անգամ բարձր է եղել՝ միայնակ մայրերի համեմատությամբ: Կողմնակի գործոնները հաշվի առնելով, ներառյալ տարիքը, քաղցկեղի եւ սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման մեծ վտանգը, միայնակ հայրերի շրջանում վաղաժամ մահվան հավանականությունը կրկնակի էր:

Նման արդյունքի պատճառն այն է, որ երեխաներ մեծացնող միայնակ տղամարդիկ ոչ առողջ կենսակերպ են վարում, այդ թվում՝ սնվում են յուղոտ եւ ածխաջրերով հարուստ կերակուրով, քիչ ժամանակ են հատկացնում ֆիզիկական ակտիվությանը եւ մեծ քանակությամբ ալկոհոլ են խմում: Ըստ որում՝ երեխայի հետ մենակ մնացած հայրերի մեծ մասը ամուսնալուծված է, մենակ է ապրում կամ այրիացած է, մինչդեռ միայնակ մայրերի մեծ մասը մեծացնում է արտաամուսնական ճանապարհով ունեցած երեխաներին: Գիտնականների կարծիքով՝ սա երեխաների հետ մնացած տղամարդկանց ավելի խոցելի խումբ է դարձնում, քան կանանց:


© NEWS.am Medicine